Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ճանաչված բժշկի կնոջ ցուցմունքը դարձավ բուռն քննարկման թեմա (Ֆոտոշարք)

Հունիս 16,2015 16:48

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հոռոմի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով «Կամազ»-ի վարորդ, 45-ամյա Մանվել Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Գազելը» այրվել էր: 7 հոգի տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ու խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Այսօր տուժողներից ու տուժողների իրավահաջորդներից մի քանիսը դատարան չէին ներկայացել՝ Հայաստանում չգտնվելու կամ դատական գործընթացին մասնակցելու ցանկություն չունենալու պատճառաբանությամբ: Նրանք գրություն էին ուղարկել այս մասին, իսկ նրանցից մեկը՝ տուժող Հասմիկ Հովհաննիսյանը, որը դեռ բուժման մեջ է, դատարան էր ուղարկել իր շահերը ներկայացնող փաստաբան Ռոբերտ Մովսիսյանին:

6 5 4 3 1

Դատարանը ստիպված եղավ հրապարակել նրանց՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները: Հասմիկ Հովհաննիսյանը, որը Գյումրու բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանի կինն է, իր ցուցմունքում նշել էր, որ իր զավակները սովորում են Երեւանում, եւ ինքն այդ օրը գնացել էր նրանց տեսության: Իր ամուսնու՝ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ պայմանավորվել էր Երեւանից վերադառնալիս իջնել Ազատան գյուղի մոտ, որտեղ ամուսինը իրենց «Լեքսուս» մակնիշի մեքենայով դիմավորելու էր նրան: «Երբ հասանք Մարալիկ, «Ռուբլյովկա» ռեստորանի մոտ գազելից մի աղջիկ իջավ, ամուսինս այդ ժամանակ զանգեց ինձ, ասացի, որ Մարալիկում ենք, զայրացավ, թե էս ինչքան դանդաղ է վարում վարորդը: Իսկ Հոռոմի խաչմերուկում տեսա, որ մեծ արագությամբ մի բեռնատար մեքենա դեպի Գուսանագյուղ էր ընթանում առանց աջ ու ձախ թեքվելու: Վայրկյաններ անց զգացի, որ մեր մեքենան բախվեց, ես կարծում եմ, որ բեռնատարի վարորդն էր մեղավոր, հնարավորություն չտվեց մեր վարորդին միջոցներ ձեռնարկելու»:

Տիկինը իր ցուցմունքում նշել է, որ այրվել են իր դեմքը ու ձեռքերը, ինքը գազելից ընկել է, սակայն դրսում՝ գետնի վրա, գոյացած են եղել դիզվառելիքի լճակներ, որոնք սկսել են այրվել: Երբ փորձել է հանգցնել իր դեմքի վրայի կրակը, հագուստի հետնամասում է կրակն ուժեղացել: Երկու անծանոթ տղաներ, մոտենալով իրեն, իրենց հագուստներով են մարել կրակը, որից հետո հենց այդ տղաներին խնդրել է զանգահարել իր ամուսնուն: Վերջինս եկել ու իրեն տեղափոխել է սկզբում Գյումրի բժշկական կենտրոն, այնուհետ մայրաքաղաքի այրվածքաբանական կենտրոն, որտեղ եւ նա մինչեւ օրս ստացիոնար բուժում է ստանում:

Քանի որ նշված էր, թե ցուցմունքը տիկինն անձամբ չի ստորագրել, ձեռքերը այրված են եղել, վիրակապված, բացի այդ նա վերակենդանացման բաժանմունքում է ցուցմունք տվել, Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով ապօրինի համարել այն: Ըստ փաստաբանի, այն չի կարող դրվել ապացույցների հիմքում, քանի որ ցուցմունքը գրել է քննիչը, եւ Հասմիկ Հովհաննիսյանն այն տվել է վերակենդանացման բաժանմունքում, վատ վիճակում: Փաստաբանն ասում էր, որ դեպքից վեց ամիս անց, երբ նրա վիճակն ավելի բարվոք է, կարող էր գալ դատարան ու պատասխանել հարցերին:

Փաստաբանի այս հայտարարությունը բավական վրդովեցրեց Հասմիկ Հովհաննիսյանի շահերը պաշտպանող Ռոբերտ Մովսիսյանին, որն ասաց. «Ձեր պաշտպանյալը ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեկան տառապանք է պատճառել, դուք ի՞նչ գիտեք բարվոք վիճակում է Հասմիկ Հովհաննիսյանը, գոնե էսքան ժամանակ մի անգամ գնացել, տեսե՞լ եք, որ ասում եք՝ բարվոք վիճակում է: Ես գտնում եմ, որ ցուցմունքը իրական է»:

Արթիկի դատախազ Արտյոմ Ավետիսյանը ընթերցեց նաեւ մյուս տուժողների ու տուժողների իրավահաջորդների ցուցմունքները, դրանք լսելն անգամ սարսափելի էր, մարդիկ պատմում էին, թե ինչ նշաններով են դիահերձարանում ճանաչել իրենց անճանաչելի դարձած հարազատների դիակները:

Այս մասին քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930