Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծագործող մարդը չի կարող լինել ուսուցիչ, որովհետև նա սիրում է սովորել». Ռուբեն Բաբայան

Հունիս 16,2015 16:08

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ կոնցեպտուալ սխալի պատճառով այսօր թատերագիտությունը մեզ մոտ երկրորդական, սպասարկողի մակարդակում է: «Այդ կոնցեպտուալ սխալը, երևի թե, առաջին հերթին ստեղծագործողներից է գալիս: Նրանցից, որոնք ուզում են թատերագիտությունը որպես իրենց սպասարկող ոլորտ տեսնել: Այդպես մոտենալ թատերագիտությանը նույն բանն է, ինչ դրամատուրգը մոտենա ռեժիսուրային որպես իրեն սպասարկող ոլորտի»,- հունիսի 15-ին՝ «Թատրոն-Իքս» հանրապետական 8-րդ փառատոնի մեկնարկն ազդարարած «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց Ռուբեն Բաբայանը:

Ներկայացումը, ըստ պարոն Բաբայանի, պետք է դառնա առիթ թատերագետի համար ստեղծագործելու, առաջ քաշելու կոնցեպտուալ մտքեր, որոնք միգուցե ստեղծագործողի մտքով չեն էլ անցել: «Իսկ մենք ստեղծագործելու իրավունքից զրկում ենք թատերագետին»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ սխալի արմատները բավականին խորն են. «Ժամանակին թատերագիտությունը իսկապես զուտ սպասարկողի դերում էր, ավելին՝ մտել էր դատավորի կարգավիճակի մեջ: Բայց երբ ստեղծագործողը սկսում է մտածել, թե իր գրածն ինչ ադմինիստրատիվ հետևանքներ կարող է ունենալ, դա զրկում է նրան ազատ մտածելու, ստեղծագործելու, երկխոսության մեջ մտնելու հնարավորությունից: Ի դեպ, երկխոսության մասին. դրա դիապազոնը մենք հաճախ արհեստականորեն սահմանափակում ենք: Իսկ երկխոսությունը սահմանափակում չի պահանջում. բոլոր նրանք, ովքեր արձագանքում են քո մտքին, գաղափարին, դառնում են քեզ հետ միասին ստեղծագործող: Եվ այստեղ առաջ է գալիս մի կարևոր հանգամանք՝ ստեղծագործող մարդը չի կարող լինել ուսուցիչ, որովհետև նա սիրում է սովորել, իսկ ուսուցիչը փակ կոնցեպցիա է»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Նրա դիտարկմամբ՝ մեր ուսուցիչների, դասախոսների կրթվածության աստիճանն ու ձգտումների պակասը մեծագույն խնդիր են այսօր. «Մենք չենք կարող մեղադրել ուսանողներին, որ նրանք ծանոթ չեն, օրինակ, ժամանակակից թատերական տենդենցներին, որովհետև դասախոսներն էլ ծանոթ չեն: Ավելի վատ՝ չեն էլ ուզում ծանոթանալ: Մարդիկ վախենում են, որ համեմատության մեջ կարող են զիջել, բայց զիջելը նորմալ երևույթ է: Եթե չես զիջում, երբեք հաղթանակներ չես ունենում, որովհետև զիջելը ենթադրում է, որ դու մտնում ես մրցակցության մեջ: Չզիջողը մրցակցության մեջ չի մտնում, դուրս է գալիս ոլորտից»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով այդ վախի հաղթահարման կարևորությունը: «Բազմաթիվ փառատոների ենք գնացել. հարյուր անգամ հաղթել ենք, հարյուր անգամ՝ պարտվել: Բնական երևույթ է: Եկեք բաց լինենք ու չվախենանք փորձեր անելուց»,- ամփոփեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համաձայն եմ, պարոն Բաբայանի մտքերի հետ: Այդ պատճառով վաղուց թողել եմ դասավանդելը …Հարգանքով` Աշոտ Բաբայան

  2. Atshak says:

    էգոիսզմի անթաքույց արտահայտում:
    ցիննիկների սերունդ.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930