Այսօր՝ հունիսի 16-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊի) շրջանավարտ Ալեքսան Կարապետյանի «Նրա հետ նույնիսկ հետախուզության» հուշ-գրքույկի շնորհանդեսը:
Հուշ-գրքույկում ներկայացված են Ալեքսան Կարապետյանի կյանքի և գործունեության համառոտ ակնարկը, նրա հասարակական և քաղաքական գործունեության հիմնական տարեթվերը, «Պոլիտեխնիկ» թերթի (1970-1980թթ.) համարներում տպագրված հիշարժան ելույթները, հոդվածները, նշանավոր մարդկանց հուշերը նրա մասին:
Բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ գրքույկը տպագրության է պատրաստվել պոլիտեխնիկցի ուսանողների ջանքերով: «Գիրքը մեզ տանում է դեպի երիտասարդություն, երբ թվում էր, թե ամեն ինչ կարող ենք անել, ու կյանքն էլ հավերժ է»,-նշեց Թոքմաջյանը ու կարեւորեց Պոլիտեխնիկի բազմաթիվ շրջանավարտների դերակատարությունը, որոնք մինչ օրս շարունակում են իրենց ներդրումն ունենալ համալսարանի գործունեության մեջ (ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյան, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Գևորգյան, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյան եւ այլք):
Կարդացեք նաև
Պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ջանիկ Սեւոյանը նշեց, որ գրքի վրա աշխատելիս նորովի է ճանաչել 70-ամյա պոլիտեխնիկը: Նրա խոսքով, պատմությունը գալիս է փաստելու, որ Պոլիտեխնիկի բեկումնային տարիներն արդյունք էին մի շարք դասախոսների, ուսանողների աշխատանքի ու հոգատարության, եւ այդ նվիրյալներից մեկն էլ, ըստ նրա, Ալեքսան Կարապետյանն էր:
Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Արտաշես Գեղամյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ այժմ հուշերով են անդրադառնում Ալեքսան Կարապետյանին: Նրա խոսքով, դրանք լուսավոր հուշեր են՝ 23-24 տարեկան երիտասարդներ էին իրենք, եւ իրենց ժամանակին 1000-1200 երիտասարդների էին վստահում, որ ուսանողական ջոկատներ տանեն հեռու-հեռուները՝ մինչեւ Կարելիա, ու իրենք ոչ միայն պատասխանատվության զգացումով էին մոտենում իրենց նման երիտասարդներին, այլեւ դրսում բարձր պահում Հայաստանի անունը:
Արտաշես Գեղամյանը նշեց, որ Պոլիտեխնիկ մտնելիս նկատել է մի բան. Դասախոսների դեմքին ժպիտ է հայտնվում ուսանողներին բարեւելիս. «Ամեն ինչ կարելի է կեղծել, բացի ժպիտից; Ես տեսնում եմ, որ այսօր էլ շարունակվում են Պոլիտեխնիկի լավագույն ավանդույթները»:
Դառնալով գրքույկի վերնագրին՝ «Նրա հետ նույնիսկ հետախուզության», Արտաշես Գեղամյանը այն որակեց խորհրդանշական, հավելեց, որ իրեն դուր է եկել նաեւ գրքի շապիկի նկարը՝ այն ճանապարհ է պատկերում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ