Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյան. «Ունենք այն, որ այսօր Աբու Դաբիի չվերթն է հանվում եւ Չեխական ավիաուղիները դադարեցրեց իր չվերթները»

Հունիս 16,2015 15:30

ԱԺ-ում քննարկվում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը պայմանավորված է ավիացիայի ոլորտում բարեփոխումների իրականացմամբ՝ բաց երկնքի քաղաքականության շրջանակներում:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ մնում է այն կարծիքին, թե բաց երկնքի քաղաքականությունը դե ֆակտո իրականություն չդարձավ, միայն հայտարարություններ եղան. «Պետք է գների եւ որակի էական փոփոխություններ լիներ, պետք է ներգրավեին միջազգային լուրջ խաղացողներ՝ բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների, որը չունենք: Դրա փոխարեն ունենք այն, որ այսօր Աբու Դաբիի չվերթն է հանվում եւ Չեխական ավիաուղիները դադարեցրեց իր չվերթները: Եթե շահավետ լիներ, նոր սեփականատիրոջ փոփոխությունը դրան չէր բերի»:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին, ասել էր, որ ավիատոմսերի գնի 5.1 տոկոս նվազեցում է տեղի ունեցել: Ըստ Խաչատուր Քոքոբելյանի, դա պետք է համադրենք վառելիքի գների նվազեցման հետ համաշխարհային շուկայում. «Եթե համեմատենք, կտեսնենք, որ գների նվազում տեղի չի ունեցել: Ի՞նչ է տվել մեզ բաց երկնքի քաղաքականությունը»:

Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ որեւէ ավիաընկերության՝ Հայաստանի ուղղությամբ չվերթ բացելը զուտ կոմերցիոն բնույթ ունի. «Պետության եւ կառավարության խնդիրն է այդ կոմերցիոն գործունեության համար ապահովել միջազգային համապատասխան կարգավորումներ: Մենք գնացել ենք դրան:

Նա ասաց, որ Աբու Դաբիի չվերթի փոխարեն մի շարք ընկերություններ ավելացրել են չվերթները եւ ասել բան չի փոխվել բաց երկնքի քաղաքականության արդյունքում՝ ճիշտ չէ. «Ինչ վերաբերում է ավիավառելիքի գների իջեցմանը, դա փաստարկ է, բայց այդ փոփոխության մեջ հիմնականը շուկայական հարաբերություններն են, որոնք գոյություն ունեն նույն ուղղության վրա եւ տարբեր ավիաընկերությունների մրցակցությունը: Մրցակցությունը բացառել չի կարելի»:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ համաձայնվել-չհամաձայնվելը իր պնդման հետ՝ Ճշմարիտյանի իրավունքն է: Նա հորդորեց նշել, թե ո՞ր խոշոր ընկերությունն է եկել Աբու Դաբիի չվերթի փակման արդյունքում»:

Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ կտրամադրի այն ընկերությունների ցանկը, որոնք ավելացրել են իրենց թռիչքները: Նա ասաց, որ մեկը պակասում է, մյուսն ավելանում է, դա նորմալ շուկայական գործընթաց է եւ խորանալ պետք չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930