Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե յուրե սնանկ է, դե ֆակտո՝ միլիարդատեր». Նաիրա Զոհրաբյանը՝ Բաղդասարովի գրպանած գումարների մասին

Հունիս 16,2015 14:58

ԱԺ-ում քննարկվում է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը պայմանավորված է ավիացիայի ոլորտում բարեփոխումների իրականացմամբ՝ բաց երկնքի քաղաքականության շրջանակներում:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց օդաչուների աշխատավարձերի մասին, որը չէր առնչվում նախագծին. «Արմավիան ճանաչվեց սնանկ: Դրա տերը միլիարդատիրոջ նման շարունակում է ապրել, չգիտես ինչու, լինելով դե յուրե սնանկ, բայց դե ֆակտո միլիարդատեր: Իսկ օդաչուները եւ ողջ անձնակազմը ամեն օր շարունակում են կառավարության դիմաց պահանջել իրենց աշխատավարձը: Այդ խնդիրը ո՞նց է կարգավորվում»:

Հետո նա դժգոհեց, որ Հայաստանում ավիատոմսերն ամենաթանկն են աշխարհում: ՀՀ քաղաքացիները գերադասում են իրենց մեքենայով գնալ Թբիլիսի, եւ այնտեղից մեկնել. «Ինչո՞ւ մեկը պետք է իր կազմակերպությունը հայտարարի սնանկ եւ այսօր ապրի միլիարդատիրոջ կարգավիճակով: Օդից 10 հազար դրամները գրպանած գնա երկրից եւ դրա փոխարեն մարդիկ ամեն օր կառավարության առաջ ցույց անեն, եւ ինչու են Հայաստանում ավիատոմսերն աշխարհում ամենաթանկը: Այս խնդիրները ո՞ր օրենքով է կարգավորվելու՝ քաղաքական, բարոյական…»:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ որեւէ մարդու ֆինանսական կարողությունները չի կարող մեկնաբանել, ուստի զերծ մնաց Միխայիլ Բաղդասարովի միլիարդատիրոջ կարգավիճակի մասին խոսել: Ինչ վերաբերում է «Արմավիայի» սնանկացմանը՝ նախարարն ասաց. «Կան համապատասխան մարմիններ, որոնք դա իրականացրել են: Այդ գործընթացը պիտի գնա ՀՀ օրենսդրության սահմաններում»:

Իսկ ավիատոմսերի գների աճի մասին խոսելիս նախարարն ասաց, որ նախապես վիճակագրություն է բերել իր հետ՝ կանխատեսելով, որ այդ հարցը տալու են. «Երբ ասում են մի բանը թանկ է, կամ էժան է, վիճակագրությունը սահմանում է տարբերությունները: 2014-ին 2013-ի համեմատ ուղեւորահոսքի աճը եղել է 20.9 տոկոս: Մենք անցել ենք 2 մլն-ի սահմանագիծը, իսկ սակագները ունեցել են 5.1 տոկոսի նվազում: 2015-ին թռիչքների հաճախականությունը 2015-ի ապրիլին 2014-ի ապրիլի համեմատությամբ սակագները նվազել են 14 տոկոսով: Սա վիճակագրություն է, որի հետ ոչ ոք հաշվի չնստել չի կարող»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Գիտեք, մեր երկինքը բացեցինք, փակեցինք, բաց քաղաքականություն, փակ քաղաքականություն, մեծ առումով դրանից բան չփոխվեց: Ես հարգում եմ վիճակագրությունը, որը ճշգրիտ գիտություն է: Խորհուրդ կտամ մեր վիճակագրական ծառայությանը մոնիտորինգ անի եւ պարզի, թե ՀՀ քաղաքացիներից քանի տոկոսն է գնում Վրաստանից թռնում, որտեղ տոմսերը մի քանի անգամ ավելի էժան են: Այդպես կունենանք իրական պատկերը: Ես ինքս բավականաչափ հաճախ եմ տոմս առնում, եւ, անկեղծ ասած, այս դեպքում մեր վիճակագրությունը թվում է խիստ կասկածելի, կամ էլ ինձ են պատահում ամսեամիս, տարեցտարի թանկացող տոմսեր»:

Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ Թբիլիսիում ամենաէժան ու ամենացածրորակ ծառայություններն են մատուցում եւ այնտեղից թռչում են բյուջետային ընկերություններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930