Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր նախագահը վեց ամիս է՝ զբաղված է». Սերժ Սարգսյանը չի պատասխանել ռուս ճարտարապետների նամակին

Հունիս 16,2015 14:38

Այսօր մի խումբ ճարտարապետներ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղևորային համալիրի վերաբերյալ կոնցեսիոների կողմից ներկայացված նոր տարբերակն էին քննարկում ՀՀ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում: Կոնցեսիոները առաջարկել է հին շենքը ընդգրկել որպես ընդհանուր օդանավակայանի բաղկացուցիչ մաս:

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասաց՝ քննարկումն անիմաստ է. «Երեք կողմ կա՝ հին շենքի հեղինակներն են, նոր կոնցեսիոները, երրորդը՝ մենք են այս երկրի տերը: Այս հավաքը անիմաստ եմ համարում, որովհետեւ առաջարկը պետք է քննարկվի շենքի հեղինակների հետ, այս հզոր կողմին անընդհատ փորձում են անտեսել: ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է վիրավորվել շենքի քանդման համար, որովհետեւ այդ շենքը հայտնի էր ու հայտնի է իր դերով, հիմա այդքան հեշտությամբ չենք կարող ընդունել, որ շենքը էլ չկա»:

Նա առաջարկեց, որ այս հարցը քննարկեն կողմերը ու լինի մասնագիտական քննարկում. «Ոնց որ ատոմակայանի մասին են հարցնում՝ փակե՞նք, թե՞ չփակենք, ես ինչ իմանամ, փակենք, թե չփակենք: Երբ մասնագետները ի մի կբերեն մասնագիտական կարծիքը, այդ ժամանակ կիմանանք՝ ինչ անենք: Ի վերջո, այդ շենքի տերը մենք ենք: Այնպես որ, չեմ պատկերացնում՝ ինչ պիտի խոսենք այստեղ»:

Ճարտարապետներից մեկն էլ ասաց, որ դեռ անցած տարի, երբ շենքի քանդման բողոքի ալիքը նոր-նոր բարձրացավ, իրենք հանդիպեցին ավիացիայի ու կոնցեսիոների հետ, եկան այն եզրակացության, որ չեն խոսում քանդման, այլ նոր առաջարկների մասին, այն օգտագործելու մասին. «Բայց ավելի ուշ, հանկարծակի, մեզ հասնում է լուր, որ նոր առաջարկ կա, դրա հիմքում շենքի մասնակի օգտագործումն է, միայն կենտրոնական մասի պահպանման մասին սկսեցին խոսել ու մեկ շաբաթ առաջ ներկայացրին այն գծագրերը, որոնք այսօր տեսնում ենք»:

Անահիտ Թարխանյանը ընդհատեց զրույցը, ներկայացրեց անցած տարվա հոկտեմբերի տասին ՌԴ ճարտարապետների՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը: Մարդկության համար արժեք ներկայացնող շենքերի պահպանության համար պայքարող ռուս ճարտարապետները ՀՀ նախագահին խնդրել էին պատմամշակութային արժեք ներկայացնող «Զվարթնոց» օդանավակայանի պահպանության հարցում հետեւողական լինել. «Շատ զբաղված է մեր նախագահը, վեց ամիս է՝ զբաղված է ու չի կարողանում պատասխանել այս նամակին: Այդ ընթացքում էլ փոփոխություններն այնքան են, որ առաջարկում են շենքը փոխել ամբողջովին, պահել միայն կենտրոնական մասը, մտել ենք փակուղու մեջ: Խոսում ենք ՝ մասնագետները հավաքվեն ու քննարկեն, բայց մենք այնքան փոքր քանակությամբ շինություններ ունենք, որ թույլ տանք քանդեն: Արարատյան դաշտավայրը ձեռքերի տակ է, վարելահողերի մեծ մասը չեն օգտագործվում, խնդրեմ՝ վերցրեք կառուցեք: Գնեք այդ հողերը, Էռնեկյանը հնարավորություն կունենա մի փոքր կտոր հող գնել ու նոր շենքեր կառուցել»: Կարճատեւ քննարկումից հետո բոլոր ճարտարապետները լքեցին սրահը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930