Ս.թ. հունիսի 16-ին Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և «Dasaran» կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2014-2015» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ և այլք:
Մրցույթի առաքելությունն է բարձրացնել Հայաստանի և Արցախի դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների իմացության մակարդակը, նպաստել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմանը, խրախուսել դպրոցներում «Dasaran» կրթական ծրագրի տրամադրած էլեկտրոնային միջավայրի լիարժեք գործածմանը, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը:
«Նոր սերնդի դպրոց 2014-2015» մրցույթին մասնակցել են «Dasaran» կրթական ծրագրի ցանցին միացած բոլոր 1495 դպրոցները: Ընդ որում՝ հաշվի առնելով այն, որ 2014 թվականից կրթական ծրագրի ցանցին են միացել նաև Արցախի հանրակրթական դպրոցները, այս տարի առաջին անգամ արցախյան դպրոցները ևս ընդգրկվել են մրցույթի շրջանակում:
Հաղթող ճանաչվելու համար մասնակից դպրոցների ուսուցչական անձնակազմերը ուսումնական տարվա ընթացքում պետք է ամենաարդյունավետը վարեին էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումները:
Այս տարի «Նոր սերնդի դպրոց 2014-2015» մրցույթին մասնակցած հայաստանյան և արցախյան դպրոցներից լավագույն արդյունքն էր գրանցել և հաղթող ճանաչվել ընդհանուր առմամբ 7 դպրոց՝ 6-ը հայաստանյան և 1-ն արցախյան՝
ՀՀ, Հրազդանի թիվ 11 միջնակարգ դպրոց
ՀՀ, Բյուրեղավանի հիմնական դպրոց
ՀՀ, Զորավանի միջնակարգ դպրոց
ՀՀ, Հայրավանքի միջնակարգ դպրոց
ՀՀ, Շամբի միջնակարգ դպրոց
ՀՀ, Ձորագետի հիմնական դպրոց
ԼՂՀ, Դաշուշենի հիմնական դպրոց
Մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ հաղթող ճանաչված դպրոցները «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և «Dasaran» կրթական ծրագրի կողմից ստացան բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, գրադարաններ և պատվոգրեր:
«Dasaran»