Հայաստանցի հրաձիգ, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 18-ամյա Հրաչիկ Բաբայանը, որ քիչ առաջ Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի 10 մետր օդամղիչ հրացան մրցաձեւում պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում, հասուն մրցելույթներով ապշեցրել է բոլորին: Այս մասին մրցավայրից տեղեկացնում է մեր գործընկեր Կարեն Գիլոյանը:
Բաքվի խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի մամուլի քարտուղարը նշում է նաեւ, որ Հրաչիկը ամենապատանի մասնակիցը լինելով՝ որակավորման փուլում վաստակել է 629,3 միավոր, որը Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է, եւ առաջին անգամ մեծահասակների մրցումներում առաջին տեղով մտել եզրափակիչ: Պատանի մարզիկը ոչ միայն հավակնում էր մեդալի, այլեւ կարող էր Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, քանի որ եզրափակիչ անցած ութ մարզիկներից հինգը արդեն վարկանիշ ունեին: Դրա համար պետք էր հաղթել Գերմանիայի եւ Իսրայելի ներկայացուցիչներին: Սակայն 14-րդ կրակահերթում նյարդերը լարվածությանը չդիմանալու պատճառով Հրաչիկ Բաբայանը զիջեց դիրքերը՝ ուղեգիրը «զիջելով» իսրայելցուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.mediamax.am-ի