Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր մահացել է ռուս երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն: 40 տարեկան երգչուհին երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Երգչուհու մահվան լուրը «Ria»-ի հետ զրույցում հաստատել է երգչուհու հայրը:
Lifenews-ը հաղորդել է, որ մահվանից մեկ շաբաթ առաջ երգչուհին սկսել է չճանաչել հարազատներին, իսկ վերջին երկու օրերին անգիտակից վիճակում է եղել: Նրա վիճակը սկսել է կտրուկ վատանալ երկու ամիս առաջ:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ժաննա Ֆրիսկեի մահվանը անդրադարձել են Ռուսաստանի շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Instagram-ի իր էջում տեղադրել է իր եւ Ժաննա Ֆրիսկեի նկարը եւ գրել է. «Մնաս բարով, սիրել Ժաննա… Մնաս բարով, ընկեր… Իսկական ընկեր… Ես լաց եմ լինում… Հնարավոր չէ հավատալ… Դաժան է…»:
Երգչուհի Պոլինա Գագարինան Instagram-ի իր էջում գրել է. «Ժաննա: Այնքան եմ ցավում, որ խոսքեր չեմ գտնում: Ես հավատում էի… Ես հույս ունեի… Ես այնքան էի ուզում, որ դու ապրեիր, ինչքան հնարավոր է երկար մնայիր որդուդ կողքին… Խաղաղությամբ գնաս: Հիշում ենք: Եվ միշտ կհիշենք»:
Կարդացեք նաև
«Блестящие» խմբի նախկին երգչուհիներ Օլգա Օռլովան եւ Յուլիա Կովալչուկը, որոնց հետ Ժաննա Ֆրիսկեն ելույթ է ունեցել, նույնպես Instagram-ի իրենց էջերում ցավակցել են Ժաննայի մահվան կապակցությամբ. «Ցտեսություն, իմ աղջիկ… Քնիր հանգիստ… Դու միշտ կմնաս իմ սրտում»,- գրել է Օլգա Օռլովան:
«Ես գիտեմ, որ շատ շուտով դու մեզ մոտ կվերադառնաս փոքրիկ թռչունի, քնքուշ քոթոթի կամ կապուտաչյա երեխայի տեսքով… Քո հոգին միշտ մեզ հետ կմնա… Գիտեմ, թե դու ինչքան էիր սիրում ժպտալ եւ որ դու չէիր ցանկանա, որ բոլորը տխրեին… Ես քեզ չափազանց շատ էի գնահատում եւ սիրում… Մենք բոլորս քեզ սիրում էինք… Թռիր, մեր սիրելի Ժանոչկա»,- գրել է Կովալչուկը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ