Այսօր ԱԺ նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարմար առիթ համարեց խոսելու ոլորտի կարեւոր խնդիրների մասին, որոնք, իր խոսքերով՝ մարդկանց «տեռորի» են ենթարկում:
Նա ասաց, որ 1 տարվա մեջ եղել է 1 մլն 845 հազար վարչական ակտ: Այդքան որոշում եւ տուգանք է կիրառվել մարդկանց նկատմամբ: Եվ դատարաններն այդ գործերը չեն քննում. «Մարդկանց՝ լսված լինելու իրավունքը ոտնահարված է: Մարդկանց սեփականության սահմանադրական իրավունքը խախտվում է»:
Հետո նա հեգնեց Մարդու իրավունքների պաշտպանին. «Էն մի հատ օմբուդսմեն ունեինք, որ բողոք էր բերել ՍԴ: Մենք էլ սպասեցինք, սպասեցինք, տեսնենք ինչ է լինում, մեկ էլ պարզվում է ի՞նչ՝ մի հրաշալի անձնավորություն է, որ ասում են: Արդեն շատ քիչ է մնում, որ գործը քննվի, մեկ էլ օմբուդսմենը դիմումը հետ է վերցնում: Ասում է՝ գիտեք ինչ, պառլամենտում քննարկվում է այս հարցը, շահարկում են իմ դիմումը, դրա համար հետ եմ վերցնում: Սպասում ես, որ բան անեն, որ հետ վերցնե՞ս»:
Նա ասաց, որ պետք է մարդու նկատմամբ մոտեցումը փոխվի. «Սա խայտառակության խայտառակությունն է: Չափ ու սահմանն անցել է: Ո՞նց կարելի է մի պետության մեջ սա հանդուրժվի՝ տարեկան 2 մլն վարչական ակտ: Ինչի՞ համար, որ ասենք, մեկը մի հատ գիծ է տրորե՞լ: Ո՞վ է տեսել մի հատ գիծ տրորելու համար անընդհատ մարդուն 5000 դրամ տուգանեք: Ո՞վ է տեսել, ասենք, չափ կա, սահման կա: Նայեք բնակչության սոցիալական վիճակը: Որքան ծայրահեղ է դառնում մարդկանց ապրելակերպը, այնքան հետեւեք, վարչական ակտերը աճում են: Ժողովուրդ, չի կարող լինել լեգիտիմ նպատակ երկրում բոլոր տեսակի վարչական իրավախախտումներն արձանագրելու եւ տուգանելու: Դուք բոլոր գողերին չեք բռնել սկի, բոլոր մարդասպաններին չեք բռնել, ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին պետք է տուգանեք: Ո՞վ է ասել»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ԱՄՆ-ում նման բաներ չկան , մարդ ես, շփոթվել ես, մի քիչ աջ ես արել, մի քիչ ձախ, ինչ տեսանկարահանում, ինչ տուգանք: Վերջերս Բեռլինում է եղել, ասել են, որ ընդամենը մի քանի տեղ կա տեսանկարահանող սարք, դրանց տեղերն էլ անգիր գիտեն: Իսկ մեր երկրում օրեցօր ավելացնում են տեսանկարահանող սարքերը. «Երկրում ապրում է 2.5 մլն մարդ, որից 2 մլն-ին գիշեր-ցերեկ տուգանում են: Ես չեմ հասկանում, լուսաֆորից մի քիչ առաջ կանգնելը, ասենք, սպիտակ գիծը մի քիչ տրորեց, ինչի՞ եք 5000 դրամ տուգանում, մարդը վթարային իրավիճակ չի էլ ստեղծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ