Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը դեռ մարտունակ է. «Հայոց աշխարհ»

Հունիս 16,2015 13:15

Չնայած մեր ընտրանու կրած պարտությանը (2:3)՝ կարող ենք թեթեւացած շունչ քաշել, քանզի հայ ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ պահպանել են մրցունակությունը, իսկ պարտությունների շարանում իսկապես նշանակություն ուներ մարզչի գործոնը:

Իսկ Սարգիս Հովսեփյանի նորամուտը երկրի գլխավոր թիմի մարզչական կամրջակին, պետք է ընդունել, սպասվածից հաջող ստացվեց: Նա կարողացավ անել ամենակարեւորը՝ թիմին վերադարձնել նրա ոգին, ճիշտ ընտրել մեկնարկային կազմը եւ մշակել կենսունակ ու դիտարժան խաղ ապահովող մարտավարություն: Սակայն, իհարկե, երիտասարդ մարզչի մոտ ոչ ամենը սահուն ստացվեց: Օրինակ, այնպիսի տպավորություն է, որ նա վարանեց Արազ Օզբիլիսին խաղադաշտ դուրս բերելու հարցում: Արազը փոխարինման մտնելով 61-րդ րոպեին՝ նոր շունչ հաղորդեց Հայաստանի հավաքականի արդեն մարող հարձակողական գործողություններին:

Ցավոք, Քրիշտիանու Ռոնալդուի եռագոլի արդյունքում այդ պահին մերոնք արդեն պարտվում էին 1:3 հաշվով: Մինչդեռ ավելի տրամաբանական եւ գուցե արդարացված կլիներ, եթե Օզբիլիսը պայքարի մեջ ներգրավվեր ընդմիջումից անմիջապես հետո: Այնպես որ հավաքականի ղեկին Հովսեփյանի նորամուտը համարենք կիսով չափ հաջողված՝ բացասական հաշվեկշիռը վերագրելով նրա փորձի պակասին:

Չմոռանալով «հաղթում է թիմը, պարտվում է՝ մարզիչը» հայտնի ասույթը, այնուհանդերձ, ճիշտ չի լինի պարտության հիմնական մեղավոր հռչակել Սարգիս Հովսեփյանին:

Վերջնարդյունքին անդրադարձան նաեւ առանձին խաղացողների սխալները: Հատկանշական է, որ երկրորդ եւ երրորդ գոլերը պորտուգալացիները խփեցին ընդամենը երկու փոխանցումով: Երկու դեպքում էլ նրանց ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակի մատույցից գնդակը հասցեագրեցին մեր տուգանայինի մոտ միայնակ հերթապահող Ռոնալդուին, որի համար դարպասը գրավելն արդեն տեխնիկայի հարց էր: Ընդ որում` երկրորդ գոլի դեպքում որոշիչ էին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի սխալը (նա, չգիտես ինչու, գնդակը սեփական տուգանայինից դուրս բերելու փոխարեն որոշեց այն ուղեկցել մինչեւ դարպասապահը) եւ հենց Ռոման Բերեզովսկու վայրկենական հապաղումը (դարպասից մի ակնթարթ շուտ դուրս գալու դեպքում նա Ռոնալդուից շուտ կհասներ գնդակին): Իսկ 3-րդ գոլի ժամանակ միանգամից երեք հայ պաշտպաններ չկարողացան կանխել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հեռահար հարվածը:

Դե, իսկ առաջին անգամ Ռոնալդուն Բերեզովսկուն դառնացրել էր 11-մետրանոց հարվածով, որի նշանակումը, ըստ իս, բելգիացի մրցավարի խղճին է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930