Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի նշանակման մասին. «Շատ էլ լավ են անում»

Հունիս 16,2015 12:31

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին հարցը հունից հանում է իշխող կուսակցության ներկայացուցիչ պատգամավորներին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը լրագրողներին նախատեց, թե եթե ազգը սիրում են՝ նման հարցեր չպետք է տալ: Լրագրողները ընդամենը հետաքրքրվել էին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ՀՀ-ում պաշտոն տալու երևույթին և արդյոք դա քաղաքական որոշո՞ւմ չէ, եւ պարոն Մելիքյանը պատասխանեց. «Եթե ձեզ թվում է, թե ռազմական համակարգում տեղաշարժը քաղաքական քայլ է, չարաչար սխալվում եք: Մենք պնդում ենք, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է»:

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ արտաքին քաղաքականության ոլորտում մեր այն դիրքորոշմանը, թե ԼՂՀ-ն անկախ և առանձին պետություն է, չի՞ հակասում նման նշանակումը, պարոն Մելիքյանն արձագանքեց. «Բավականին դրական քայլ է քաղաքական առումով»:

ՀՀԿ-ական պատգամավորը պնդեց, թե մենք երկու պետություն ենք, ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է դեռ չճանաչված: Հակադարձմանը՝ այդ դեպքում ինչու՞ են այնտեղից պաշտոնյա բերում ՀՀ-ում նշանակում, պատգամավորն արձագանքեց. «Շատ էլ լավ են անում»:

Մեր հարցին՝ Մովսես Հակոբյանին տեսնո՞ւմ է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, պարոն Մելիքյանը կարծիք հայտնեց, թե «բավականին շտապում եք»: Նշենք, որ տեղեկություններ են շրջանառվում, թե այս նշանակմամբ նախապատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին և Մովսես Հակոբյանին «պատրաստում են» որպես ՀՀ պաշտպանության նախարար:

Հարցին՝ ղարաբաղյան կլանը չի՞ ցանկանում զիջել իր դիրքերը, ՀՀԿ-ական պատգամավորը` ի պատասխան վրդովվեց ու ասաց. «Խնդրում եմ ձեր խոսքերը չափավորեք, գոյություն ունի մեկ ազգ և երկու հանրապետություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930