Քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ, եթե զանգվածները դուրս են գալիս և նրանց առաջնորդող կուսակցություններ, քաղաքական գործիչներ չկան, նշանակում է, որ այդ կուսակցություններին պետք չեն այդ ընտրազանգվածները, նրանք այլ միջոցներով են շահել զանգվածների քվեն:
Այսօր «Նյութ» ակումբում պարոն Ենոքյանը կարծիք հայտնեց, որ ՀԷՑ-ի դեմ դուրս գալը՝ նշանակում է դուրս գալ իշխանությունների դեմ. «Իսկ առաջիկայում ընտրություններ են և իրենց ձեռնտու չէ Կրեմլին դեմ դուրս գնալ, բայց գոնե գեղեցիկ ֆոն ապահովելու համար պետք է գնային այդ քայլին»:
Աղասի Ենոքյանը կարծում է՝ եթե ՀԷՑ-ի ղեկավար Բիբինին հրավիրում են խորհրդարանական լսումների, ու նա չի գալիս, ու այդքանից հետո նրան բերման չեն ենթարկում, ուրեմն խորհրդարանում կազմակերպված լսումները, պատգամավորների դժգոհ ելույթները շոու էին:
Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Բիբինը ճիշտ է արել, որ չի եկել, նրա նամակը բացատրում է իր չգալու պատճառը: Եթե Հայաստանի իշխանությունը սնանկ չի ճանաչում այդ ընկերությանը, նրանց պահելու համար գործողություններ է կատարում, էլ ի՞նչ իմաստ ունի նրա գալը լսումների, որտեղ քեզ մեղադրում են նրանում, որ սնանկացրել ես ընկերությունը, ի՞նչ իմաստ կա գալու, եթե ղեկավարությունը որոշում է, որ այդ վիճակն ընդունելի է»:
Կարդացեք նաև
Նա հիշեց ՀՀԿ խոսնակ Շարմազանովի ասածները, թե ժողովրդի գրպանից պետք է վճարվեն պարտքերը ու ասաց. «Շատ ճիշտ է ասել Շարմազանովը, որովհետեւ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից ոչ ոք չեն վճարում, տեսուչները վախենում են մոտենալ այդ մարդկանց տներին, ընկերություններին»:
Աղասի Ենոքյանն ասաց, որ դատախազությունը պետք է քրգործ հարուցեր ընկերության ղեկավարության նկատմամբ ԱԺ պատգամավորների հայտարարությունների հիման վրա. «Շատ հետաքրքիր պահեր կային, որոնք պետք է հետաքննվեին»:
Անդրիաս Ղուկասյանն էլ կարծիք հայտնեց, որ խորհրդարանում ընդդիմադիրները ընդդիմադիրի իմիջ են պահում. «Ընդդիմությունը կարող է գալ խորհրդարան ու ներկայացնել ալտերնատիվ քննադատություն, բայց երբ որ երկրում չկա անկախ դատախազություն, ոչինչ չի փոխվի: Այս բոլոր ելույթները հիմք էին, որ օրենքով սահմանված կարգով դատախազությունը գործողություններ կատարեր պետական շահը պաշտպանելու համար: Բայց ո՞վ է առաջադրել գլխավոր դատախազ Կոստանյանին՝ Սերժ Սարգսյանը, ո՞վ է ընտրել՝ ՀՀԿ-ն»:
Անդրիաս Ղուկասյաննը վստահ է՝ բոլոր կուսակցություններն էլ դեռ 2013-ին տեղեկացված են եղել, որ ՀԷՑ-ը սնանկ է: Ըստ նրա, խորհրդարանական կուսակցություններն ի սկզբանե գիտեին, որ ռուսական ներդրումները Հայաստանի էներգետիկ ոլորտում գրեթե չեն արվում, բայց մեր բոլոր կուսակցությունները Ռուսաստանի հետ փոխկապակցված կապեր ունեն ու ձեռնտու չէր խոսելը. «Ներդրումներ եղել են 80 միլիարդ վարկերի տեսքով: Առաջացել են որոշակի վիճակներ, եւ ՀԷՑ-ին միտումնավոր սնանկ ճանաչելու բավականին փաստեր կան, որովհետեւ հայտնի է՝ մինչեւ 2011-ը ՀԷՑ-ը լավ շահույթ է ունեցել, իսկ դրանից հետո միլիոնավոր դոլարների վնաս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ