Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պարտվեցինք. «Հայկական ժամանակ»

Հունիս 16,2015 11:10

Այս հարցն ունի շատ պարզ, մյուս կողմից էլ՝ շատ խորն ու բարդ պատասխան։ Նախ՝ պարզն այն է, ինչը հնչում է գրեթե բոլորի շուրթերից՝ Պորտուգայիայի կազմում խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով, օգտվելով ամենափոքր հնարավորություններից անգամ, գոլեր է խփում։

Հայաստանին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 3 գոլ՝ առաջինը՝ 11 մետրանոցից, 2-րդը՝ Հրայր Մկոյանի դիրքային սխալից հետո Ռոբերտ Արզումանյանի ու Ռոման Բերեզովսկու անհամաձայնեցված խաղի հետեւանքով, 3-րդը՝ Գաել Անդոնյանի դիրքային սխալից հետո փայլուն հարվածով։ Ռոնալդուն, մեծ հաշվով, միայնակ լուծեց այս հանդիպման ելքը։

«Կրիշտիանուն կարող է վճռել ցանկացած խաղի ելք, ինչն էլ նա արեց Հայաստանի հավաքականի դեմ խաղում»,- սա Պորտուգալիայի ընտրանու կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոյի կարծիքն է:

Ronaldu_1

Բայց այդ գոլերը կարող էին չլինել, եթե առանձին դրվագներում չսխալվեին մեր ամենափորձառու (Մկոյան, Արզումանյան, Բերեզովսկի) ու ամենաերիտասարդ ֆուտբոլիստները (Գաել Անդոնյան):

«Մեզ ուշադրությունը չբավականացրեց»,- հետխաղյա ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։ Աշխարհի բազմաթիվ թիմերի ու հավաքականների մարզիչներ են կրկնում այս խոսքերը, երբ նրանց ղեկավարած թիմերը հանդիպում են Ռոնալդուին խաղադաշտում։ Մեծ հաշվով, շատ քիչ են դեպքերը, երբ այս ֆուտբոլիստի հետ պայքարում սխալներ չեն լինում, ամենեւին չեմ մեղադրում մեր պաշտպաններին ու դարպասապահին բաց թողած գոլերի համար, ընդ որում՝ Մկոյանը, Անդոնյանը մեր թիմում լավագույններից էին Մարկոսի, Մխիթարյանի հետ միասին։ Ուղղակի՝ մեր իսկ աչքով տեսանք, թե ինչ անհավանական բարձր կարգի ֆուտբոլիստ է Կրիշտիանու Ռոնալդուն։

Հասկանալի է, որ Պորտուգալիան Հայաստանին հաղթեց Կրիշտիանու Ռոնալդուի կարգի շնորհիվ, իսկ ի՞նչը չբավարարեց մեր թիմին, արդյո՞ք ունեինք հնարավորություն գոնե չպարտվելու։ Կարծում եմ՝ ունեինք, մեզ չբավարարեցին տակտիկական ու մարտավարական որոշակի դետալներ, անսպասելիության գործոնը։ Օրինակ՝ մեր ֆուտբոլիստները կոպիտ, անգամ՝ կոշտ չէին խաղում Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ Ոչ մի խախտում Ռոնալդուի նկատմամբ՝ սա, թերեւս, մեր գլխավոր բացթողումներից մեկն էր տակտիկական պայքարում։ Այս թիմերի՝ Պորտուգալիայում կայացած 1-ին խաղում պորտուգալացի պաշտպանները ուղղակի խփում էին Հենրիխ Մխիթարյանի ոտքերին, երբ գնդակը հայտնվում էր նրա մոտ. սա ֆուտբոլային խորամանկ տակտիկական լուծումներից է մրցակցի լավագույն ֆուտբոլիստին չեզոքացնելու համար։

Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930