Ս/թ. փետրվարի 7-ին առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը դիմել է ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին։ Այս մասին երեկ հայտնեց ինքը՝ Խաչատրյանը, ով, ի դեպ, ԱԺ էր եկել։ «Ես անցյալ շաբաթվա վերջին օրերին, կարծեմ՝ ուրբաթ օրը, նամակով դիմել եմ Օմբուդսմենին եւ սպասում են նրա արձագանքին։ Կարծում եմ, որ ողջամիտ ժամկետում գրավոր կպատասխանի»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ դեպքի առաջին օրերին ՄԻՊ գրասենյակն ակտիվ հետաքրքրվում էր իր գործով, բայց քանի որ մինչ այդ նրանք գրավոր դիմում չեն ստացել, ուստի պաշտոնական արձագանք էլ գրասենյակից չի եղել։ «Ես ուզում եմ նախ պաշտոնական դիրքորոշում, գնահատական, տեսակետ լսել ՄԻՊ-ից։ Դրան գումարած՝ ուզում եմ, որ նաեւ ՄԻՊ-ը հետամուտ լինի գործի բացահայտմանը։ Եվ հետո, ի վերջո, մենք իրավապահ մարմիններին, պայմանական ասած՝ ժամանակ էինք տվել, որ տեսնենք իրենց գործողությունները։ Քանի որ տեսնում ենք՝ գործողությունները բավարար չեն կամ որոշակի անգործություն է նկատվում, ես փորձում եմ ինքս զբաղվել այդ հարցով։ Քանի որ ամիսներ անցան եւ տեսնում եմ, որ ոչ մի դրական տեղաշարժ չկա, կարծում եմ՝ ժամանակն է, որ օգնենք իրավապահներին»,- ասաց Խաչատրյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում