Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Ադրբեջանի մասին. «Ամոթալի է հայ երեխաներին անվտանգության երաշխիքներ չապահովելը» (Տեսանյութ) 

Հունիս 16,2015 10:49

Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց ԿԳՆ-ի դիրքորոշումը` հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք դպրոցականների Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային՝ Հայաստանի հավաքականի մասնակցության վերաբերյալ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ԿԳ նախարարը:

Արմեն Աշոտյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությանը ստիպված էր հրաժարվել հայ երեխաների մասնակցությունից՝ Բաքվում կայանալիք օլիմպիադային: Նրա խոսքով, դա հնարավոր էր միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո, սակայն պաշտոնական Բաքուն մինչեւ օլիմպիադային մասնակցելու համար գրանցման սահմանված ժամկետը՝ հունիսի 15-ը, այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսեւորվեց, եւ հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:

«ՀՀ ԿԳ նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը եւ միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին՝ միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին՝ հիմք ընդունելով նման դրսեւորումները՝ գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն Հայաստանի պատվիրակությունները, այլեւս Բաքվում չկազմակերպել»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նաեւ հավելեց. «Երբ մենք ենք կազմկակերպում միջազգային մակարդակի կրթական եւ գիտական միջոցառումներ, իրականացնում ենք մեր ստանձնած պարտականությունները, վառ օրինակ Եվրոպական կրթական տարածքի նախարարական համաժողովը եւ ԵԽ նախարարական ոչ ֆորմալ հանդիպումն էին Երեւանում: Օրինակ` վերջինիս ադրբեջանական կողմը մասնակցում էր փոխարտգործնախարարի մակարդակով: Հետեւությունները թողնում եմ ձեզ, թե ինչ է նշանակում աշակերտների համար անվտանգության երաշխիքների չապահովելը: Մեզ հասած տեղեկություններով, Ադրբեջանում հարցը շաղկապում են եվրոպական օլիմպիական խաղերի ավարտի ու հայ մարզիկների փայլուն ելույթների հետ: Վստահ եմ, որ իրենք կարձագանքեն այս ասուլիսին եւ այս հայտարարությանը»:

ՀՀ թիմի ղեկավար Լիդա Սահակյանը եւ ԿԳ նախարարը նշեցին, որ առկա է միջազգային օլիմպիական ֆեդերացիային ուղղված նամակագրությունը: «Մեր աշակերտները միշտ փայլուն են հանդես եկել միջազգային օլիմպիական ստուգատեսներին, այս անգամ էլ մեդալների հույս ունեինք, փաստորեն զրկվեցինք մեդալներից»,-նշեց նախարարը:

Նրա ձեւակերպմամբ, ամոթալի է Ադրբեջանի պահվածքը, քանի որ մարդկային ընկալումների մեջ չի տեղավորվում երեխաների համար անվտանգության երաշխիքներ չապահովելու փաստը: Նախարարը պատրաստվում է դիմել ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրահանձնաժողովին:

Հայաստանի թիմի ղեկավար Լիդա Սահակյանի խոսքով, Բաքվում կայանալիք միջոցառմանը 11-12-րդ դասարանների 4 դպրոցական պետք է մասնակցեր, չնայած իրենք 6-7 երեխա էին պատրաստել: «Առնվազն արծաթի հույս ունեինք: Հատկապես մի շատ լավ երեխա կար Լոռուց, որն առաջինն էր պատրաստակամություն հայտնել մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիադային»,-ասաց տիկին Սահակյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930