Սիրիահայ Մարինա Պէպեճեանի ընտանիքն արդեն 1 տարի է, ինչ Հայաստանում է բնակվում. Հալեպում թողնելով տասնյակ տարիների ընթացքում ստեղծած տուն-տեղը, հաստատվեցին Երեւանում: Առաջին ամիսներին Մարինայի ընտանիքը շատ դժվարություններ է քաշել. աշխատանք չունեին, ընտանիքը մեծ էր, հոգսը՝ շատ: Առաջին ամիսներին, ինչպես Մարինան է ասում՝ քիչ մը մոլորված ու օտար կզգային Երեւանում, ու այս ապրումների հետ նաեւ ֆինանսական խնդիրները. Առանց աշխատանքի չափազանց դժվար է բնակարանի վարձը, կոմունալի, սնվելու, հագնելու ծախսերը հոգալ:
Մարինա Պէպեճեանն ասում է իրենք ճիշտ պահին տեղեկացան Հայկական Կարիտասի մասին, որը «Մարդասիրական աջակցություն սիրիահայ փախստականներին» արդեն 2-րդ ծրագիրն է իրականացնում. Մարինայի ընտանիքը մեկն է այն հարյուրավոր սիրիահայ փախստական ընտանիքներից, որոնց աջակցում է այս կազմակերպությունը:
Մարինան պատմում է, որ ինքն էլ չգիտի, թե ինչպես կկարողանային ոտքի կանգնել, եթե այս կազմակերպությունը օգնության ձեռք չմեկներ իրենց:
«Մարդասիրական աջակցություն սիրիահայ փախստականներին-2» Հայկական Կարիտասի ծրագրից օգտվում են սիրիահայ փախստական 110 ընտանիքներ, որոնց տրամադրվում է սննդի եւ հագուստի խանութներից օգտվելու քարտեր: Ծրագրի շահառու սիրիահայերի բնակարանների վարձերի ու կոմունալ ծախսերի մասնակի մարում է նախատեսված:
Մարինա Պէպեճեանի պատմելով՝ կազմակերպությունը ամեն եռամսյակ 165 հազար դրամ է փոխանցում գազի, էլեկտրաէներգիա եւ ջրի համար, 165 հազար էլ բնակարանի վարձի համար է փոխանցվում: Այս ընտանիքն ու ծրագրից օգտվող մյուս բոլոր ընտանիքներին կազմակերպությունը քարտեր է տրամադրել, որոնց միջոցով 80 հազար դրամի շրջանակներում երեւանյան սուպերմարկետներից մեկում (այն մրցույթում հաղթած ընկերություն է) իրենց անհրաժեշտ ապրանքներն են գնում, բացի՝ ծխախոտից եւ ոգելից խմիչքից: Այս նույն մեխանիզմով կազմակերպության շահառուները նաեւ օգտվում են հագուստի խանութից: Իհարկե, բացի սննդից ու հագուստից, այս մարդկանց նաեւ դեղորայք է հարկավոր. Հայկական Կարիտասը ծրագրի շահառու սիրիահայ փախստականներին առաջին անհրաժեշտության դեղորայքներ ու բժշկական միջոցներ են տրամադրել, ինչպես նաեւ առողջական լուրջ խնդիրներ ու բուժվելու կարիք ունեցողների խնդիրներ է հոգում:
Նշենք, որ «Մարդասիրական աջակցություն սիրիահայ փախստականներին» ծրագիրը ֆինանսավորում է Ավստրիայի զարգացման գործակալությունը, իսկ Հայաստանի կառավարությունն էլ ավելացված արժեքի հարկից ազատել է ընկերության մրցույթում հաղթած մատակարարներին՝ ծրագրի շահառուներին մատակարարվող ապրանքների մասով:
« Չեմ գիտեր, առանց իրենց ինչ պիտի անեինք»,-ասում է Մարինան: Նրա պատմելով՝ սկզբում մի փոքր բնակարանում ապրում էին 9-10 հոգով, բայց երբ Հայկական Կարիտասը ձեռք մեկնեց նրանց, կարողացան նոր բնակարան վարձել ու այնտեղ տեղափոխվել. «Հիմա երեխեքս՝ 3 աղջիկ ունիմ, իրանք ալ իրենց ննջարանն ունին. Սկեսրայրս ալ մեզի հետ կապրի ու ավելի հանգիստ կըլլա: Այս 6 ամիսը, որ Կարիտասը մեզի կօգնե, ես ալ գործ գտա, Կարիտասը մեզի համար կարեւոր ծախսերը կընե: Մեկին, որ կըսեմ Կարիտասեն կօգտվեմ, ինձի կըսեն՝ ուրեմն՝ դուն բախտավոր ես»:
Մարինան ասում է, չնայած ափսոսում է, որ կազմակերպության հետ կնքված աջակցության 6- ամսյա պայմանագիրն ավարտվելու է շուտով, բայց այս ամիսների ընթացքում ծրագրի շնորհիվ իր ընտանիքն էլ ավելի ամրապնդվեց հայրենիքում, «ոտքի կանգնեցին», եւ եթե նախկինում սիրիահայ իր հայրենակիցներն իրենց ասում էին՝ Հայաստանում դժվար է կյանքը, հնարավոր չէ ապրել, հիմա Մարինան ճիշտ հակառակն է պնդում: Նա ասում է, որ ավելի ապահով են զգում Հայաստանում, երեխաներն էլ՝ ավելի երջանիկ: Մարինան վստահեցնում է՝ երեխաներն այնքան սիրով են հայկական դպրոց գնում, ու այնքան լավ սովորում, որ ուսուցիչներն ու տնօրենը շնորհակալություն են հայտնել իրեն, անգամ արտասվել են, որ երեխաներին այլ դպրոց պիտի տեղափոխեին:
Հայաստանում վերաինտեգրվելու համար Մարինայի ընտանիքի պես, սիրիահայ շատ ընտանիքների է օգնել Հայկական Կարիտասը: Ծրագրին դիմած ընտանիքների կարիքներն ուսումնասիրվել, ապա դրանց գնահատման արդյունքում ընտրվել են ամենակարիքավորները: Այդպիսի ընտանիքներն ու շահառուներն են օրինակ՝ միայնակ մայրեր ու միայնակ ծերեր, բազմազավակ ընտանիքներ, այնպիսի ընտանիքներ, որտեղ կան հաշմանդամություն կամ խրոնիկ բարդ հիվանդություն ունեցող անձինք:
Բացի ֆինանսական աջակցությունից, այս ընտանիքներին Հայաստանում վերաինտեգրվելու համար կազմակերպությունը հայոց լեզվի դասընթացներ է կազմակերպել, օգնել աշխատանք գտնել, կամ՝ մասնագիտական դասընթացների մասնակցել, նրանց իրավաբանական խորհրդատվություններ տրամադրել:
Հայկական Կարիտասը Հայաստանում սկսել է գործել 1995 թվականից՝ Գյումրիում:
Այս կազմակերպությունը Հայ Կաթողիկե եկեղեցու բարեսիրական գրասենյակն է, որը մեր երկրում իրականացնում է սոցիալական եւ զարգացման ծրագրեր: 1997 թվականին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն, այն անդամակցում է միջազգային Կարիտասին, որն իր մարդասիրական եւ զարգացման ծրագրերն է իրականացնում աշխարհի 165 երկրներում:
Հայկական Կարիտասի բարեսիրական ծրագրերը բազմազան են՝ սոցիալական պաշտպանություն եւ խնամք, համայնքային զարգացում, հանրային առողջություն, միգրացիա եւ ինտեգրացում. ներկայումս շուրջ 40 ծրագիր է իրականացվում: Ընդ որում, այս ծրագրերից յուրաքանչյուրն առանձին բաղադրիչներ էլ ունեն: Հայկական Կարիտասն այս տարիների ընթացքում բարեսիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում՝ Շիրակ, Լոռի, Գեղարքունիք եւ Երեւան քաղաք: Այս տարի էլ կազմակերպությունը Արարատի մարզում գրասենյակ կհիմնի եւ սոցիալական աջակցության ծրագրեր կիրականացնի այնտեղ: Ինչի շնորհիվ փոքր-ինչ կթեթեւանա այս մարզի բնակիչների խնդիրները:
Կարինե ՍԱՀԱԿՅԱՆ