«Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ն, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հունիսի 15-30-ը Երևանում և մարզերում կանցկացնի «Թատրոն-Իքս» հանրապետական 8-րդ փառատոնը, որը նպատակ ունի խթանելու թատերական քննադատական միտքը, նպաստելու բանավիճային մշակույթի ձևավորմանը, բացահայտելու առկա խնդիրները և ի հայտ բերելու նոր անուններ:
Փառատոնի մեկնարկը տրվեց երեկ՝ «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկմամբ, որը տեղի ունեցավ Բյուրականի արվեստի նորաբաց ակադեմիայում:
«Ես շատ ուրախ եմ, որ ակադեմիայի աշխատանքը քիչ-քիչ մտնում է իր հունի մեջ, և արդեն թատերական փառատոն ենք բացում այստեղ ու քննարկում ծավալում մասնագիտական քննադատության շուրջ»,- ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Դառնալով քննարկվող թեմային՝ նա կարծիք հայտնեց, որ մենք այսօր իսկական քննադատության պակաս ունենք. «Հայաստանին էնտուզիաստ անհատներ են պետք, որոնք ի վիճակի կլինեն ինչ-որ բան փոխելու: Միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա դառնալ աշխարհի մշակութային կենտրոններից մեկը: Մեր երկիրը տալիս է այդ հնարավորությունը: Պարզապես, մենք պետք է փորձենք մեր մեջ ուժ գտնել»,- ասաց կոմպոզիտորը:
Կարդացեք նաև
«Հայաստանը շատ բնական ռեսուրսներ չունի, ուստի մշակույթն է մեր այցեքարտը»,- ընդգծեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Ինչ վերաբերում է մասնագիտական խոսքին, ըստ նրա՝ դրա պակասը մենք ունենք բոլոր ոլորտներում, և յուրաքանչյուր մարդ իր ոլորտում բազմաթիվ անելիքներ ունի:
Մշակույթի փոխնախարարն այնուհետև անդրադարձավ «Թատրոն-Իքս» փառատոնի առանձնահատկություններին. «Սա ձեռքբերումների և բացթողումների ամփոփման փառատոն է: Յուրաքանչյուր տարի՝ փառատոնի ավարտից հետո, կազմկոմիտեով քննարկում ենք՝ որոնք են լինելու հաջորդ տարվա համար կարևորագույն կետերը, որոնց վրա արժե կենտրոնանալ, որոնք են բացերը, որ պետք է լրացվեն և այլն: Այս փառատոնը մեզ համար կարևոր է նաև նրանով, որ ոչ միայն պետական թատրոններին է տեղ տալիս, այլև ոչ պետական, նոր թատրոններին: Առավելություններից մեկն էլ այն է, որ միայն Երևանի վրա չի կենտրոնանում»:
Ազգային թատերական ստեղծագործական միավորման և «Թատրոն-Իքս» փառատոնի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը հիշեց, որ երբ փառատոնը նոր էր սկսել քննարկումներ կազմակերպել, դրանք բավականին ծանր մթնոլորտում էին անցնում. «Հաճախ դիտողությունները, կարծիքները հնչում և ընկալվում էին որպես անձնական վիրավորանք: Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ ագրեսիան, սուր ընկալումը, որ կային փառատոնի առաջին տարիներին այլակարծության հանդեպ, տարիների ընթացքում նվազել են: Այսինքն՝ մեզ հաջողվել է այլակարծության մթնոլորտ ձևավորել»,- ընդգծեց Արա Խզմալյանը:
Այլակարծության մթնոլորտ կա, բայց լիարժեք մասնագիտական կարծիք չկա: Այդտեղից էլ՝ քննարկման թեման՝ «Մասնագիտական խոսքի սպասումով»: Հիմնական խնդիրը, ըստ թատերագետի, կրթության մեջ է. «Արդեն երկրորդ տարին է, որ ես ներգրավված եմ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի մեջ և այն, ինչ տեսնում եմ, հուսադրող չէ: Թատրոնի մասին ուսանողների պատկերացումները լավագույն դեպքում հասնում են մինչև մեր փուլ, համաշխարհային կարևորագույն իրադարձությունները դուրս են մնում նրանց ուշադրությունից: Ուսանողները չունեն լավ գրականություն, ծանոթ չեն եվրոպական թատերագիտական մտքին, իսկ առանց դրա մենք մնում ենք նեղ, տեղային շրջանակում, որը լրջագույն խնդիր է: Դարի անընդհատ փոփոխություններին զուգընթաց՝ ուսանողը գիտելիքների մեծ պաշար պետք է ունենա: Մինչդեռ, մենք այնքան քիչ նյութ ունենք, որի հիման վրա պետք է դաստիարակվի վաղվա քննադատը»,- մտահոգվեց Արա Խզմալյանը:
Դրա համար իրենք այս տարի՝ փառատոնի ավարտից հետո, հաշվետվություն կներկայացնեն ոչ միայն Մշակույթի նախարարությանը (ինչպես անում են ամեն տարի), այլև Կրթության և գիտության նախարարությանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ