Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր մեղքի համար

Հունիս 16,2015 10:07

Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը կարծիք է հայտնել, որ Թբիլիսիի գազանանոցը քանդվել է այն պատճառով, որ հիմնված է մեղքի վրա: Ժամանակին կոմունիստները, հետապնդելով քրիստոնյաներին եւ քահանաներին, ոչնչացնելով քրիստոնյաների վանքերը, հանում էին եկեղեցու զանգերը, ձուլում էին որպես սովորական մետաղ, եւ հենց այդ մետաղով էլ կառուցեցին գազանանոցը: Վրաստանի կաթողիկոսն իր ժողովրդի կողմից հարգված մարդ է (ի տարբերություն որոշ այլ կաթողիկոսների), կոմունիստների գործած մեղքերն էլ անհերքելի են: Սակայն զուտ «հայեցակարգային» առումով ես հարգարժան հոգեւորականի հետ համաձայն չեմ:

Ինձ թվում է՝ ոչ մի մահկանացու, նույնիսկ կաթողիկոս չի կարող նման վստահությամբ ասել, որ այսի՛նչ ողբերգությունը Աստծո պատիժ է այնի՛նչ մեղքերի համար: Մենք, կարծում եմ, իրավունք չունենք ոչ միայն հանդես գալու որպես Աստծո պատժի գործիք, այլեւ այդ ձեւով մեկնաբանելու որեւէ երեւույթ` ենթադրելով, որ անմեղ մարդկանց եւ, ինչու չէ, կենդանիներին, մեծ հաշվով, «հասնում էին» այն տառապանքները, որոնք նրանք կրել են: Մենք չենք կարող հանդես գալ նման դաժան «դատավորների» դերում, որոնք իբր գիտեն Տիրոջ ծրագրերը:

Չգիտեմ, թե որքանով են իմ մտքերը համապատասխանում քրիստոնեական դոգմաներին, բայց ինձ թվում է, որ մարդը, իհարկե, պիտի վախենա մեղք գործելուց, բայց այդ առիթով պետք չէ նրան մշտական սթրեսի մեջ պահել: Հակառակ դեպքում ամեն մի դժբախտության կամ նույնիսկ անախորժության դեպքում նա կհարցնի՝ «ո՞ր մեղքիս համար», եւ կսկսի փորփրել իր հոգու խորքերը՝ փոխանակ մտածի, թե ինչպես դուրս գա այդ վիճակից: Անընդհատ պատժվելու սպառնալիքն ամենեւին չի գոտեպնդում մարդկանց: Ճիշտ հակառակը՝ կաշկանդում եւ թուլացնում է:

Առանց այդ էլ մարդկանց վախեցնելը, նրանց մեջ տագնապ սերմանելը վաղուց արդեն լրատվամիջոցների «հացն» է՝ ջրհեղեղները, դանակահարությունները եւ վթարները սպառողների «սիրած» թեմաներն են: Ավելացնել դրան սերունդների գլխին կախված մետաֆիզիկական պատժի վտանգը, ինձ թվում է՝ չարժե: Դրական մոտիվացիա ստեղծելը, կարծում եմ, ավելի կարեւոր է. ոչ թե՝ որքան վատ կլինի, եթե դու այդ բանն անես, կամ՝ որքան վատ է, որ քո պապը նման բան է արել, այլ՝ որքան դու կշահես, եթե լավ գործ անես, առաջին հերթին՝ քո մարմնի եւ քո հոգու համար: Որովհետեւ ուրիշներին սիրելու համար դու պետք է նախեւառաջ սիրես ինքդ քեզ:

…Ինչ մնում է բնական աղետներին, ապա, իհարկե, տարերքի առջեւ մարդը հաճախ անզոր է լինում: Բայց դրա մեջ միստիկա չկա. մենք անզոր ենք հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ միջոցներ չենք ձեռնարկում, անփույթ ու անիրազեկ ենք վարվում բնության հետ, իսկ պաշտոնյաներն ու մեծահարուստներն անհարկի ագահություն են դրսեւորում: Այդ առումով ամեն մի նման ողբերգության մեջ կա նաեւ մարդկային գործոնը: Բայց դրանով պետք է զբաղվեն ոչ թե աստվածաբանները, այլ իրավաբանները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    Վրաստանում կարծիք կա, որ քաղաքաշինության բնագավառում թույլ տված սխալների հետևանք է այդ ջրհեղեղը:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի համարյա բոլոր եկեղեցիները կառուցվել են հայ հեթանոսական մեհյանների վրա՛: Սրա՞ համար են թուրքերը հազարավո՛ր հայ եկեղեցիներ ոչնչացրել ու պղծել: Կամ 1915-ն ու 1988-ի երկրաշարժը. սա՞ էլ «մեղքերի» համար էր:

    Եկեղեցին մեղք վաճառելու՛ համար չպիտի լինի. ոչ էլ կրոնը վա՛խի գործիք պիտի սարքեն:

  3. Ruben says:

    Ժամանակին քրիստոնյաները եւ քահանաները (կոմունիստները), հետապնդելով հայերին եւ քրմերին, ոչնչացնելով հայերի սուրբ տաճարները, հանում էին զանգերը, ձուլում էին որպես սովորական մետաղ, եւ հենց այդ մետաղով էլ կառուցեցին գազանանոցը:

  4. Գալուստ Ենոքյան says:

    «Մենք, կարծում եմ, իրավունք չունենք ոչ միայն հանդես գալու որպես Աստծո պատժի գործիք, այլեւ այդ ձեւով մեկնաբանելու որեւէ երեւույթ…» Ես լրիվ համաձայն եմ նման «Աստծոն» հավատալու: Ցավոք եկեղեցական ուսմունքներում նրան հիմնականում ներկայացնում են «սահմանափակ» Ստալին կամ գուցե «Սերժիկի» նման մեկի, որը կամ դժողքի կամ դրախտի «ուղեգիր» է տալիս, ինչպես Սերժիկը, ով իրեն լսել է «քծնել» նրան ժողովրդի հաշվին «դրախտ», ձրի բնակարան, իսկ ով որ Ծառուկյանի նման հանկարծ «ծպտուն» է հանել, դեպի «դժոխք»… «Աստված» մեզ էս երկրի վրա «բնակեցրել» է որ մեզ փորձի, ով որ ագահ է նյութական բարիքներով հմայված, նրա կյանքը երկրաին դժոխք է դառնում Միդասի նման…: Դե ով էլ քչով է բավարավում, ու աշխատում է օգնել ուրիշներին հիանալ էրկրագնդի, տիեզերքի գեղեցկությամբ, նա էլ արդեն դրախտում է ապրում երկրի վրա ,առանց որեվե ՄԵԿԻ «ուղղորդելուն»…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930