Երեւան այցի արդյունքներով տարածված հայտարարությունում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը ողջունել են Հայաստանի համակարգային խնդիրներից որոշներին սահմանադրական բարեփոխումների միջոցով անդրադառնալու երկրի իշխանությունների ձգտումը:
Միեւնույն ժամանակ համազեկուցողները առանձնացրել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի տարբեր կարծիքները, հատկապես քաղաքական համակարգի հնարավոր փոփոխության ֆոնին: Այդ առումով նրանք կարեւորել են, որ իրենց կարծիքով «սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակները պետք է լինեն քաղաքական բազմակարծությունը ամրապնդելը, Ազգային ժողովի առաջ կառավարության հաշվետվողականության բարձրացումը եւ քաղաքական համակարգին հասարակության վստահությունը»:
Գիտակցելով, որ քաղաքական վստահությունը եւ ընտրական գործընթացների հանդեպ հավատը դեռ շատ ցածր է, նրանք առաջարկել են, որ ցանկացած բարդ ընտրական համակարգից պետք է խուսափել, քանի որ դրա մտադրությունը հեշտությամբ կարող է սխալ հասկացվել: Ավելին` նրանք կոչ են արել իշխանություններին հրավիրել միջազգային դիտորդներին դիտարկելու առաջիկա հանրաքվեն եւ ապահովել պատշաճ հանրային խորհրդակցություններ եւ բանավեճ. «Համակողմանի հանրային բանավեճի եւ ամբողջովին ժողովրդավարական հանրաքվեի գործընթացները առանցքային են նոր Սահմանադրության ժողովրդավարական լեգիտիմության համար»,- ընդգծել են համազեկուցողները:
Թեեւ հանրային բանավեճերը հինական թեման քաղաքական համակարգի հնարավոր փոփոխությունն է, համազեկուցողները նշել են, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը առաջարկում է, որ համապարփակ սահմանադրական փոփոխությունները ընդունվեն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման եւ դատական համակարգի անկախության նպատակներով. «Մենք ողջունում ենք այս մտադրությունը ե ւ այս գլուխների վերաբերյալ բանավեճերը չպետք քաղաքական համակարգի փոփոխության վերաբերյալ բանավեճի ստվերում հայտնվեն»:
Կարդացեք նաև
Համազեկուցողները իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացնեն ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին սեպտեմբեր ամսին եւ այս տարվա երկրոր կեսին կրկին կայցելեն Հայաստան:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ