Այս ամենն արդեն եղել է. դեժավյու ապրեցի, երբ այսօր ընթերցեցի ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը, թե Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն են ունեցել նաև ՀՀ քաղաքացիներ Շահում Դավթյանը և Մայիս Խաչատրյանը. «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Մ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հունիսի 15-ին հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ»:
Իսկ հիմա սա համեմատեք արդեն ոստիկանության 2014 թվականի հունվարի 24-ի այն հաղորդագրության հետ, որը վերաբերում էր նրան, թե Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը մարմնական վնասվածքներ է հասցրել համաքաղաքացի Վիտալիկ Մեսրոպյանին. «Հունվարի 23-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 22-ի երեկոյան Գորիսի բնակիչ Վիտալիկ Մեսրոպյանը ծեծի է ենթարկել Յուրա Մանուչարյանին, ինչից հետո վերջինս իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծել Վիտալիկ Մեսրոպյանին և Արթուր Հարությունյանին»: Եվ հաղորդագրությունն ավարտվում էր այսպես, թե ձեռնարկվում են միջոցառումներ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հետո տարածվեց հաղորդագրություն, որ «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին, ժամը 20.00-ին, Մայիս Խաչատրյանը և Վիտալիկ Մեսրոպյանը ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին»:
Հիմա էլ նա մի նոր ծեծի մասնակից դարձավ, ու Մայիս Խաչատրյանին վերստին սկսեցին որոնել:
Կարդացեք նաև
Ուշադրություն դարձրեք, որ Յուրա Մանուչարյանն էլ է մասնակից եւ 2014 թվականի միջադեպին, եւ հիմա էլ նրան մեղադրանք է առաջադրվել Մ.Զաքարյանին խմբի կողմից միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար:
Ի դեպ, Մայիս Խաչատրյանի վերաբերյալ միայն մի դրվագ հիշատակեցինք, մինչդեռ նրա «մարտական փառքի» հետագիծը շատ ավելի հեռվից է գալիս՝ մասնավորապես, հենց նա էր Սուրիկ Խաչատրյանի եղբայրների այն երկու որդիներից մեկը, որոնք 2004-ին իրենց ուսով դիպչելու համար դանակի բազմաթիվ հարվածներով սպանեցին 30-ամյա Հովհաննես Բադալյանին: Եվ Մայիս Խաչատրյանը, որը դանակի 12 հարված էր հասցրել, ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման՝ մինչեւ վերջ չկրեց էլ պատժաչափը:
Ազատության մեջ հայտնվելուց ընդամենը մեկ ամիս անց՝ մեքենան հարբած վարելու պատճառով Մայիս Խաչատրյանն այս անգամ էլ պատճառ դարձավ, որ 24 տարեկան երիտասարդը հայտնվի հիվանդանոցում:
Ու երեւի դեռ երկար այդպես կշարունակեն Խաչատրյանները՝ մինչեւ ձեռք չեն բարձրացնի Հայաստանի բարձրագույն իշխանության որեւէ ներկայացուցչի կամ նրա ազգականի վրա:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ