Հունիսի 13-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ «Եվրոպական ինտեգրացիայի վրացական փորձը, որպես հակամարտությունների ձեւափոխման գործիք» թեմայով: Մասնակցում էին Երեւանի, սահմանամերձ Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների, Բաքվի, Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի շրջանների, Թբիլիսիի, Մառնեուլիի, Ծալկայի շրջանների բնակիչներ, հասարակական գործիչներ,լրագրողներ: Թեմայի վերաբերյալ զեկուցումով հանդես եկան վրացի փորձագետներ ՝ «Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի» տնօրեն Միխեիլ Միրզիաշվիլին եւ «Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի» տնօրեն Մամուկա Արեշիձեն:
Հասարակական լսումների մասնակիցներին ողջյունողների մեջ էր նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա ասաց. «Ես ուրախ եմ, որ ես այստեղ եմ, ձեզ հետ : Տխուր եմ, որ այստեղ երիտասարդներ են, որովհետեւ երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, ես մտածում էի,որ մենք կարող ենք այնպես անել, որ այն արագ մարի, որպեսզի դուք՝ երիտասարդներդ, չիմանայիք, թե ինչ է հակամարտությունը կամ եթե իմանայիք, իմանայիք պատմության գրքերից: Տխուր եմ, որ մենք չկարողացանք ձեզ համար այդպիսի լավ բան անել, հուսով եմ, որ դուք ավելին կարող եք անել , եւ ձեր երեխաները երբեք միասին չեն հավաքվի, որպեսզի խաղաղություն հաստատեն, այլ կապրեն խաղաղության մեջ»:
Զեկուցողներին թեմայի վերաբերյալ տրվեցին հարցեր, մասնակիցները հանդես եկան մեկնաբանություններով: Կայացավ «Համաձա՞յն եք, որ վրացական փորձը կիրառվի հայ-ադրբեջանական հակամարտության ձեւափոխման համար» հարցադրմամբ քվեարկություն, կողմ քվեարկեց 28, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 7 հոգի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ