Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան. Վահագն Մինասյանը ալկոհոլի ազդեցության տակ է եղել

Հունիս 15,2015 20:43

Վարչական դատարանում հունիսի 15-ին դատավոր Արման Դիլանյանի նախագահությամբ սկսվեց ոստիկանությունն ընդդեմ Վահագն Մինասյանի գործով դատաքննությունը:

Դատարան չէր ներկայացրել ո՛չ Վահագն Մինասյանը, ո՛չ նրա ներկայացուցիչը: Քանի որ կողմը պատշաճ ծանուցված էր, դատավորը որոշեց նիստն առանց կողմի շարունակել: Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ դեպքը պատահել է 2013 թվականի հոկտեմբերի 7-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նշենք, այդ ընթացքում Վահագն Մինասյանը Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց էր անում:

Սոնա Մելիքյանի խոսքերով՝  գիշերը 2:30-ի սահմաններում Վահագն Մինասյանը ալկոհոլի ազդեցության տակ քաղաքապետարանի գլխավոր շենքի դիմաց սկսել է բղավել՝ «ո՞ւր են ոստիկանները», երբ վերջինիս մոտեցել են ոստիկանները, փորձել են պարզել, թե ինչ է պատահել եւ հորդորել են նրան չբղավել, Վահագն Մինասյանը ասել է, թե «թքած ունի» նրանց օգնության վրա:

Սոնա Մելիքյանն ընդգծեց, որ այդ պահին հնարավոր չէր Վահագն Մինասյանի անձը պարզել, եւ ոստիկանները, ցանկանալով են բերման ենթարկել, օրինական պահանջ են ներկայացրել նրան նստել ոստիկանության մեքենան, սակայն նա հրաժարվել է. «Արդյունքում՝ նստեցվել եւ բերվել է ոստիկանության կենտրոնական բաժանմունք, որն ամենամոտն է: Երկու վարչական վարույթ է իրականացվել իրավախախտումների վերաբերյալ»:

Դատական նիստի ընթացքում վկայություն տվեց ոստիկանության լեյտենանտ Գեղամ Գեւորգյանը: Նա նշեց, որ այդ օրը հերթապահել է ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի հետ եւ եղել է պարեկային մեքենայի վարորդը. «Ուշ ժամ էր, շրջում  էինք, մի պահ բղավոցներ լսեցինք՝ «ո՞ւր է այստեղ կանգնած ոստիկանը»: Մոտեցանք, կանգնած էր քաղաքացին, վրայից ալկոհոլի հոտ էր գալիս: Փորձել ենք հորդորել, սակայն նա ասաց՝ «թքած ունեմ ձեր վրա էլ, ոստիկանության վրա էլ»:

Գեղամ Գեւորգյանը հավելեց, որ ոստիկանությանը կապիտանը որոշել է՝ Մինասյանին պետք է ոստիկանության բաժին ներկայացնել. «Օրինական պահանջ ենք ներկայացրել, սակայն բղավում էր, գոռում էր: Տարանք կենտրոնական բաժին եւ վարույթ կազմեցինք»:

Պատասխանելով դատավորի հարցին, թե մինչեւ այդ ճանաչե՞լ էր Վահագն Մինասյանին, նա ասաց, որ գիտեր միայն, որ անունը Վահագն է:

«Վրայից ալկոհոլի հոտ էր գալիս, պահանջել ենք նստել պարեկային մեքենան, որովհետեւ հնարավոր չէր այդտեղ արձանագրություն կազմել: Ալկոհոլի ազդեցության աստիճանը չէինք կարող ստուգել եւ փաստաթուղթ չուներ իր մոտ»,- ասաց վկան:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930