Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «ԵՏՄ-ն բաշիքյարթմա չէ, ոնց մտել ենք, այնպես էլ դուրս կգանք»

Հունիս 15,2015 19:33

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության քննարկմանը մտահոգություններ հայտնած պատգամավորներին  ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը շտապեց այսպես հանգստացնել. «ԵՏՄ-ն բաշիքյարթմա չէ, որ չենք կարող դուրս գալ: Եթե տեսնենք, որ կան սպառնալիքներ ու վնասներ, ոնց մտել ենք, այդպես էլ դուրս կգանք»:

Դառնալով այն քննադատություններին, թե ինչ է մեզ տալու Ղրղզստանի միանալը ԵՏՄ-ին, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Չգիտեմ՝ ինչ կտա Ղրղզստանի միանալը մեզ, համենայն դեպս, եթե օգուտ չտա, վնաս չի տա»:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իր մոտ դեժավյու է, թվում է, թե քննարկվում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը, մինչդեռ քննարկվում է Ղրղզստանի անդամակցության հարցը:

Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, թե ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության էջը փակված է, որոշումը կայացված: Այնուհետև ասաց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքական որոշում է կայացվել: Ինքս ԵՏՄ ջատագով չեմ, բայց հասկանում եմ, որ կա պետության շահ, որը կարող է ավելի բարձր լինել, քան քո անձնական դիրքորոշումներն ու ցանկություններն են»:

Դառնալով այն պնդումներին, թե բացառվում էր, որ չանդամակցեինք ԵՏՄ-ին, ապա ուկրաինական դեպքերը կլիներ մեր երկրում, տիկին Զոհրաբյանը հակառակը պնդեց. «Դա չէր բացառվում: Ես սա ասում եմ՝ որպես մի գործիչ, որը շփվում է ԵՄ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ»:

Նաիրա Զոհրաբյանը դրական միտում նկատեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում ու կարծիք հայտնեց, որ  մինչև տարեվերջ կունենանք ԵՄ-ի հետ նոր պայմանագիր:

Այնուհետև եզրափակեց. «Դահլիճում չեմ տեսնում այն գործիչներին, որոնք ցանկացած խնդրի վերաբերյալ փաթաթվում էին այս ամբիոնին և որևէ կերպ պոկ չէին գալիս ու խոսում ամեն ինչից, կամ ոչնչից: Այսօր այստեղ չեն, որպեսզի ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն ու ոչ էլ Եվրոպան չնեղանան»:

Ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՀ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, դեռ արձանագրությունը չվավերացված, շտապեց շնորհավորել ղրղզներին ու ասաց. «Տարոսը լինի մյուս երկրներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930