Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվակռիվ՝ Թևան Պողոսյանի և Էդուարդ Շարմազանովի միջև «հեքիաթների» թեմայով

Հունիս 15,2015 18:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկում է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղըզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին»արձանագրությունը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը քննադատեց, թե արդյոք քանի՞ խումբ ենք ուղարկել Ղրղըզստան, որ ուսումնասիրի այնտեղ տնտեսական իրավիճակը և այլ հարցեր, կամ Ղրղըզստանի խորհրդարանից գային, ներկայացնեին իրավիճակը, մեզ հարգեին, «բայց չեն անում, քանի որ գիտեն, որ խելոքի պես քվեարկելու ենք»:

Քննադատություններին ի պատասխան արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա պնդեց, թե ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության դրական արդյունքներն արդեն տեսանելի են և ինչո՞ւ պետք է այժմ մենք հրաժարվենք Ղրղըզստանի՝ 6  միլիոնանոց շուկայից: Նա ասաց. «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ 2013-ին քնել ենք, 2015-ին արթնացել, ու տեղյակ չենք, թե ինչ է տեղի ունեցել մեր տարածաշրջանում: Եթե ձեզ թվում է, որ պետք է նստենք թախտին, սպասենք բախտին, այդպես չէ, որևէ մեկը մեր տեղը չի աշխատելու: Պիտի քրտնենք ու նվաճենք այդ շուկաները»:

Ամփոփելով ելույթը՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Այս հեքիաթները խնդրում եմ ժամը 10-ից հետո պատմեք ձեր երեխաներին, ոչ թե այս դահլիճում»:

Ի պատասխան Թևան Պողոսյանը հայտարարեց, թե երկու «հեքիաթ» է պատմելու ու հիշեցրեց, որ ցանկացած ծնող, եթե իր երեխայի համար երեկոները հետաքրքիր անցկացնի ու հեքիաթ պատմի, երեխան ավելի բարի ու հանդուրժող կլինի:  Նաև հիշեցրեց, որ ծնողը երեխային ասում է, որ երբ մարդիկ խոսում են, լսիր, վերլուծիր, հետո որոշում կայացրու: Մյուս «հեքիաթը» ազնվության մասին էր, որ եթե մի բան չի ստացվում, ապա մարդ պետք է ազնվություն ունենա դա ընդունի:  Իսկ մյուս հեքիաթն այն է, որ ծնողը երեխային ասում է, որ պետք է անես այնպես, որ քեզ հետ հարգալից վարվեն:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե պետք չէ դատավորի կեցվածք ընդունել: Այնուհետև հեգնեց, թե ժամը վեցից հետո էլ պոեզիայի ժամն է գալիս:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930