Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Հնչակյան քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով

Հունիս 15,2015 17:53

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ՍԴՀԿ կենտրոնական վարչության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր ազատ անկախ Հայաստանի գիտության տաճարում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցող այս միջազգային գիտաժողովը արժանի տուրք է հարյուր տարի առաջ կախաղան հանված  20 երիտասարդների հիշատակին: «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը նաև նրանց մասին է: Քսան երիտասարդները տենչում էին հայոց ազատության ղողանջը  հնչեցնել աշխարհի չորս ծեգերում, իսկ որպես խնկարկում նրանց անմահ հիշատակին՝  հայ ժողովրդի արդարության ձայնը մոլորակի վրա միլիոնավոր մարդկանց շուրթերին աղոթք դարձավ: Այսօր մեր ցավը, հիշողությունը համախմբել է ողջ հայ ժողովրդին և մենք ականատեսն ենք աննախադեպ զարթոնքի ու համախմբման, Հայոց Դատը վերջին հանգրվանին հասցնելու հաստատակամությամբ:  Այս գիտաժողովն առիթ է ոգեկոչելու մեր նահատակներին, մեծարելու ու հերոսացնելու մեր քսան հնչակյան գործիչներին և անդրադարձ կատարելու 128 ամյա կառույցի ձեռքբերումներին: Հնչակյան քսան հերոսներն իրենց կյանքը տվեցին Հայաստանի անկախության համար, և խորհրդանշական է, որ կախաղան բարձրացան «Կեցցե Հայաստանը» խոսքերը շուրթերին»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Ցուցադրվեց  «Քսանի լուսաբացը» ֆիլմը:

«Քսանների քաղաքական գնահատականը» խորագրով զեկուցում կարդաց Լիբանանի քաղաքական գործիչ, պատմաբան, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ Եղիկ Ջերեջյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ ՍԴՀԿ ծավալած գործունեությանը, ներկայացրեց կուսակցության անցած ուղին:

Թուրքիայի քաղաքական գործիչ, պատմաբան Քադիր Աքինը ներկայացրեց «Կոտրված շղթայի օղակները միացնող` Փարամազ» խորագրով զեկուցում՝ հնչակյան գործիչ Փարամազի հերոսական գործունեության մասին:

Զեկուցումներով հանդես եկան նաև ՝գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Գեղամ Հովհաննիսյանը և Մանուկ Ստեփանյանը:

Տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, զեկուցողները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

Խորհրդանշական է, որ հունիսի 15-ին նշվում է Պետական դրոշի օրը և գուցե պատահական չէ, որ այն համընկել է ՍԴՀԿ քսան գործիչների նահատակության հիշատակի օրվան՝ որպես նրանց երազանքի իրականացման գրավական:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930