Ս. թ. հունիսի 15-ին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարության, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ, մամուլի ասուլիսով ազդարարեց փառատոնի 12-րդ մեկնարկը:
Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի խոսքով. «Փառատոնը մի իրադարձություն է, որին, իրավամբ, հայ և, ինչու՞ չէ` միջազգային մշակութասեր հանրությունը սիրով է սպասում: Միջազգային մշակութային հարթակներում փառատոնն ամենաճանաչված, ամենահեղինակավոր ստուգատեսն է և յուրահատուկ այցեքարտ` բոլորիս համար: Սա լավագույն օրինակն է` պետություն, մասնավոր հատված փոխհարաբերությունների և համատեղ աշխատանքի»:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը:
Փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:
Կարդացեք նաև
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝ «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Ռոբեր Գեդիկյան (Ֆրանսիա), «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ» Մարեկ Հովորկան (Չեխիա), ««Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան), «Հայկական համայնապատկեր ազգային մցույթ»՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա):
Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014 թվականին` 1500 հայտ, շուրջ 95 երկրից):
12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում իրականացվող Հայոց եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագրերն են` «Մենք կանք» և «Այլևս երբեք»:
«Ոսկե ծիրանի» ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին:
Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների և կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով:
Փառատոնի օրերին կկայանա նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության հետ և որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:
Մամուլի հաղորդագրություն