Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են վերջին երեք տարիների ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերում գործող վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող միջոցների ծախսերի և կատարված աշխատանքների լրացուցիչ ուսումնասիրությունները: Հաջորդ փուլով նախատեսվել է ուսումնասիրել նաև համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների հաշվետվությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված թերությունները սեղմ ժամկետում վերացնել:
Ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով էլ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 6 դեպք: 3 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարությունների քանդման աշխատանքներ:
Ուսումնասիրվել է քաղաքապետարանի, ինչպես նաև կենսապահովման ոլորտի և այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման ու վթարների վերացման նպատակով նախքան քանդումը տվյալ տարածքների պատշաճ կահավորման առկայությունը: Նշվել է, որ թերացող բոլոր կազմակերպությունները գրավոր զգուշացվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել հսկողությունն ու սահմանված կարգը չպահպանելու դեպքում օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 332 և 90 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից 320-ը համապատասխան լուծում կամ պատասխան է ստացել, իսկ մնացածը կատարման ընթացքում են:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղին ու դրա հետևանքով քույր քաղաքի կենդանաբանական այգու ավերմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ Թբիլիսիում են գտնվում Երևանի կենդանաբանական այգու մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քաղաքապետը նաև նշել է, որ Թբիլիսիի գործընկերներին է փոխանցվել տեղի կենդանաբանական այգու անօթևան մնացած կենդանիներին Երևանի կենդանաբանական այգում ապաստան տրամադրելու պատրաստակամությունը:
Երևանի քաղաքապետարան