Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանը` Արտակ Զաքարյանին. «Ում ումից, բայց քեզնից չէի սպասում, պարոն Զաքարյան»

Հունիս 15,2015 17:14

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկում է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը:

Այս հարցի առիթով պատգամավորները բազմաթիվ մտահոգություններ հնչեցրին: ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե մայիսից սկսած ժամանակ ունեին այս հարցը քննարկելու, ինչո՞ւ են հիմա, այն էլ արտահերթով նման հապճեպ կերպով քննարկում, այնուհետև հեգնեց. «Եթե ղրղզները այդքան սրտատրոփ սպասում էին, որ մեր բախտակիցը դառնային, կարող էինք մայիսից սկսել: Մենք ինքներս կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա նաև ղրղզների՞ն ենք տանում»: Ալեքսանդր Արզումանյանը հավաստիացրեց, որ քիչ է մնացել, երբ ԵՏՄ-ն քանդվի, բոլորն են կիսելու իր մոտեցումները և զգուշացրեց, որ արձանագրությանը «դեմ» է քվեարկելու:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց` ունե՞ն հաշվարկներ, թե ինչ դրական միտումներ են եղել ՀՀ-ի համար ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, կամ ո՞րն է ՀՀ-ի շահը ևս մեկ երկիր բերել ԵՏՄ, երբ այդ կառույցը տեղից չի շարժվում և մտավախություն չկա՞, որ կլինի նաև շահերի բախում, զեկուցողը՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանեց, թե նման բան չի կարող լինել ու մանրամասնեց. «Երբ մի երկիր տնտեսական հարաբերություններ է ստեղծում այլ երկրների հետ և նոր անդամներ են ներգրավվում, ապա այն անպայման չէ, որ հիմնավորված լինի թվերով»:

Զարուհի Փոստանջյանը մտահոգություն հայտնեց, եթե մենք ուզում ենք ինտեգրվել ինչ-որ տնտեսական տարածքում և ՌԴ-ն մեր գործընկերն է, ապա ինչո՞ւ է ՌԴ-ն նման կոշտ դիրքորոշմամբ հանդես գալիս ՀՀ-Իրան երկաթգծի հետ կապված:

Սուրեն Կարայանը արդարացավ, թե դա ՌԴ դիրքորոշումը չէ, այլ մասնավոր կազմակերպության ղեկավարի:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, թե սա քաղաքական հարց է, և այն պետք է ներկայացվի առաջին դեմքերով, այլ ոչ թե փոխնախարարի մակարդակով:

Ի պատասխան նշված մտահոգությունների` Արտակ Զաքարյանը պնդեց, թե սա հաջողված պրոյեկտ է:

Ալեքսանդր Արզումանյանը կրկին արձագանքեց. «Այս պրոյեկտը սառը պատերազմ  է ծնել, աշխարհը 3-րդ համաշխարհայինի շեմին է այդ պրոյեկտի պատճառով, Ուկրաինայում պատերազմ եղավ այս պրոյեկտին չմիանալու պատճառով: Ըմբռնումով ենք մոտենում ՀՀ կառավարության` այս փաստաթղթի տակ ստորագրելը, բայց երբ գալիս են շուկայի մասին հեքիաթներ պատմում, դա ընդունելի չէ»:  Պարոն Արզումանյանը հայտարարեց, թե «կողմ է ԵՏՄ միության գոյությանը՝ առանց ՀՀ մասնակցության»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` ի պատասխան հարակից զեկուցող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի այն պնդումների, թե ԵՏՄ անդամակցությունը քաղաքական հարց չէ, ասաց. «Ում ումից, բայց ձեզնից չէի սպասում, պարոն Զաքարյան»:

Զարուհի Փոստանջյանն էլ` եթե քաղաքական հարց չէ, ապա ինչո՞ւ է զեկուցում Արտակ Զաքարյանը: Ի պատասխան՝ պարոն Զաքարյանն ասաց, թե միջազգային համաձայնագրերը գալիս են իրենց հանձնաժողով, ուստի սա այդ համաձայնագրերից մեկն է և որևէ արտառոց բան չկա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930