Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր առջեւ կանգնած է Էդուարդ Շարմազանովը, ոչ թե Ռոբերտ Նազարյանը». Շարմազանով

Հունիս 15,2015 16:43

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումներին: Նրա գնահատմամբ՝ կոնկրետ իրեն լսումները շատ բան են տվել. «Տվեց ինձ հստակություն, թե ինչից է գոյացել այդ գումարը եւ ինչու պետք է 6.93 դրամով թանկանա: Նրանց ներկայացրած 17 դրամը, այո, հիմնավորված չէր: Լսումների արդյունքում պարզ եղավ, որ հանձնաժողովը չի պատրաստվում Բիբինի եւ այդ կառույցի ներկայացրած շքեղության ծախսերը ներառել սակագնի բարձրացման մեջ»:

Հարցին՝ Ձեզ համար հիմնավո՞ր է 7 դրամով թանկացումը՝ նա պատասխանեց, որ կարեւորն այն է, որ շքեղության համար ոչ մի դրամ չենք տալու՝ 17-ից իջել է 7. «Եվ հետո, երեխեք ջան, գոյացել է 24 մլրդ պարտք, որտեղի՞ց պետք է տանք: Այլ աղբյուր ասեք՝ տանք»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ են վատ կառավարել, որ պարտք է գոյացել, վատ մենեջմենթ են վարել՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ձեր առջեւ կանգնած է Էդուարդ Շարմազանովը, ոչ թե Ռոբերտ Նազարյանը: Ցանկացած թանկացմանը մենք դեմ ենք: Դրա համար կառավարությունը որոշել է ռեզերվային միջոցներ գտնել, որպեսզի սոցիալապես անապահով խավի համար փոխհատուցում արվի»:

Մեր հարցին՝ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինն արհամարհեց մեր օրենսդիր մարմինը, ինչպե՞ս պետք է նրան հակահարված տալ՝ այդ պահվածքի համար՝ Էդուարդ Շարմազանովը չպատասխանեց, միայն ասաց, որ միշտ բաց, հրապարակային քննարկման կողմնակից է եւ այլ կառույցի ղեկավարի գալ-չգալը չի մեկնաբանում:

Լրագրողների դիտարկմանը, որ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի եկեղեցու կառուցման համար ՀԷՑ-ը մեր հաշվին բարեգործություն է արել՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Եկեղեցին անձին չի պատկանում: Եթե Արամ Մանուկյանն այդպես է ասել, եկեղեցին Հովիկ Աբրահամյանին չի պատկանում: Եկեղեցին հայ քրիստոնյա հավատացյալների համար է: Միգուցե հովանավորը պարոն Աբրահամյանն է՝ շատ լավ: Ավելի լավ է կառուցել եկեղեցի, քան թե այլ բաներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930