Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խաղերը պատճառ դարձան, որ Արեւմուտքը Ադրբեջանը դասի բռնապետական երկրների շարքին

Հունիս 15,2015 16:28

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում վերլուծեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերին միջազգային մամուլի անդրադարձը:

«Ադրբեջանի իշխանությունները Եվրոպական խաղերն ի սկզբանե փորձում էին օգտագործել որպես իրենց երկրի հեղինակությունը բարձրացնելու առիթ, համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվելու հանգամանքը  օգտագործել որպես Ադրբեջանի տարածաշրջանային խնդիրները բարձրաձայնելու, հատկապես Հայաստանի հետ ունեցած իրենց խնդիրները Եվրոպային ցուցադրելու եւ դիվիդենտներ քաղելու համար:

Ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ բացահայտ հայտարարություններ էին անում, որ պարտավոր են այդ առիթն օգտագործել իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Ըստ էության Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվում էր խաղերի ժամանակահատվածում հնարավորինս քարոզչություն իրականացնել իրենց երկրի հեղինակությունը բարձրացնելու եւ Հայաստանի դեմ սեւ PR իրականացնելու համար: Արդյունքում, նախապատրաստելով այս սցենարը՝ Ադրբեջանն ինքն է հայտնվել է միանգամայն այլ իրականության մեջ: Կարելի է ասել՝ բացահայտ տեղեկատվական պատերազմ է սկսվել եվրոպական եւ ամերիկյան հանրության ու Ադրբեջանի միջեւ: Ընդորում, պատերազմն ընթանում է ոչ միայն լրատվական, փորձագիտական դաշտում, այլեւ բուն քաղաքական հայտարարությունների մակարդակով: Արեւմտյան Եվրոպայի մի շարք ղեկավարներ հրաժարվեցին մասնակցել այդ երկրում անցկացվող 1-ին Եվրոպական խաղերի բացման արարողությանը եւ ընդհանրապես այդ միջոցառմանը: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ակնհայտորեն ի հայտ են եկել Ադրբեջանի եւ Արեւմտյան Աշխարհի միջեւ քաղաքակրթական եւ արժեհամակարգային տարբերությունները: Ադրբեջանը արեւմտյան մամուլի համար վերածվեց քննադատությունների հիմնական թիրախի: Տեղեկատվական պատերազմը կոպիտ կանոններով է ընթանում:

Մենք տեսանք, թե քանի լրագրող, այդ թվում համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցների, դեպորտացվեցին Ադրբեջանից եւ որքան շատ լրագրողներ հրաժարվեցին լուսաբանել այս մարզական միջոցառումը՝ հենվելով այն հանգամանքին, որ Ադրբեջանը բռնապետական պետություն է, որտեղ ոտնահարվում են քաղաքացիական ակտիվիստների, ընդդիմության եւ ընդհանրապես բոլոր տեսակի այլախոհների իրավունքները: Եվրոպական խաղերն, ըստ էության, դարձան Ադրբեջանի, որպես բռնապետական երկիր հստակ պիտակավորման պատճառ: Արեւմտյան հանրությունը Ադրբեջանն արդեն դասում է արեւելյան բռնապետությունների շարքին», – ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930