Այսօր ԱԺ-ում նշվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ծննդյան տարեդարձը՝ 54-ամյակը: Միջանցքներում տարածվել էր ալկոհոլային խմիչքի հոտը: Նրան շնորհավորելու համար ինչպես ՀՀԿ, այնպես էլ այլ խմբակցությունների պատգամավորներ նիստի ընդմիջմանը մտնում էին նրա աշխատասենյակ: Վրեժ Մարկոսյանը հարցին՝ ի՞նչ մաղթեցիք Վահրամ Բաղդասարյանին, պատասխանեց՝ «ամենայն բարիք»:
Վահրամ Բաղդասարյանին շնորհավորելու էր շտապում նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Դուք էլ ե՞ք ծնունդի եկել: Նա պատասխանեց. «Չէ, հրավիրել են, մտնում եմ շնորհավորեմ ու դուրս գամ: Չեմ նստելու: Շուն-գել՝ մեր իշխանությունն են»:
Մեր հարցին՝ չե՞ք վախենում, որ Ձեզ կմեղադրեն, որ իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեք՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես ինչ-որ բանից վախեցե՞լ եմ: Մարդ-մարդ հարաբերությունները մի բան է, իշխանություն-ընդդիմություն՝ ուրիշ բան»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ բա նվեր ունե՞ք: Տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ես տեղով նվեր եմ իրենց համար»:
Մեր հարցին՝ ի՞նչ եք մաղթելու Վահրամ Բաղդասարյանին՝ նա պատասխանեց. «Շուտափույթ իշխանափոխություն եւ լիազորությունների կասեցում: Բա դրա համար եմ եկել, ձեզ թվում է ինչի՞ համար եմ եկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը արխիվային՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com