Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ եք, մլն-ից ավելի աղքատ բնակչություն կա, էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնով ինչպե՞ս են մարդիկ վճարելու, երբ կառավարությունը մտադիր է միայն հազար ընտանիքների փոխհատուցել:
Նա այսպիսի պատասխան տվեց. «105 հազար տան բնակիչներն ամեն մեկն առանձին հոսանք չեն վճարում: Մեկ հաշվիչ է, եւ ամբողջ ընտանիքը 1 հաշվիչով է վճարում, այսինքն, մոտ 700 հազար բնակիչ է լինում»:
Գալուստ Սահակյանն ասաց, որ հոսանքի թանկացումն ամենաշատը իշխանությանն է մտահոգում. «Ի՞նչ քայլ պիտի անենք, ըստ ձեզ: Աշխատավարձ եթե բարձրացնենք, էլի ժողովրդի հաշվին է լինում: Բա ժողովուրդն է բյուջե ստեղծում, ազգն է պահում, դուք գիտեք Գալուստ Սահակյանը կամ մյո՞ւսն է ազգը պահում, դո՛ւ ես պահում»:
Խոսելով հնարավոր ընդվզման մասին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Այն, որ ընդվզումը բոլորիս մոտ է, դա կա: Բայց բոլորս չէ, որ ընդվզման ճանապարհ ենք բռնելու: Լրատվությունը դուք եք, եթե ամբողջ օրը քարոզեք, որ թալանեցին, տարան, կերան՝ ընդվզողներ կլինեն»:
Կարդացեք նաև
Ըստ Գալուստ Սահակյանի, այնպես չի լինի, որ լույս չենք ունենա. «Մի անգամ եղել է՝ հաղթահարել ենք եւ հաղթահարելով ճանապարհ ենք գնացել»:
Թե ով է մեղավոր հոսանքի թանկացման համար՝ ԱԺ նախագահը գտավ մեղավորին՝ դոլար դրամ-հարաբերություններն են. «Հարաբերության մեջ պիտի հնարավորինս տեղավորվենք, անվճար ոչինչ չկա»:
Դիտարկմանը, որ քաղաքացիները չեն պատրաստվում վճարել՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Իհարկե, սոցիալապես անապահովներ կան, որոնց համար սա դաժան բան է, բայց նաեւ հասկացող մարդիկ կան, որ ապրանքն առանց արժեք չի լինում: Եթե միսը թանկանում է, բնական է, որ լույսն էլ պիտի թանկանա»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր օրենք ընդունեք եւ հոսանքի գինը կապված լինի նվազագույն կենսապահովման զամբյուղի հետ, տարբերակված մոտեցում լինի՝ հարուստի համար մի գին լինի, աղքատի համար՝ մի գին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այսօր շատ դժվար է հարուստին ու աղքատին գտնելը: Աղքատ այնքա՜ն մարդ կա: Իմիջիայլոց, հարուստն է բյուջեն կառուցում, հարուստներն են, որ տնտեսություն են ղեկավարում եւ տնտեսություն են զարգացնում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ձեր ընտանեկան բյուջեի վրա ինչպե՞ս է անդրադառնալու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Նա պատասխանեց. «Բնականաբար, բոլորի ընտանիքների վրա էլ անդրադառնում է: Անկախ նրանից՝ թանկացած, թե չթանկացած, իմ ընտանիքում երեկոները մեկ սենյակի լույս է վառվում»:
Լրագրողները ճշտեցին՝ ինչո՞ւ խնայո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Չէ, չեմ խնայում, պարզապես ափսոսում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ