Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Բիբինին. «Գորշ, անիմաստ հայտարարություն էր, ավելի կշռելի կլիներ, եթե ոչինչ չխոսեր». (Տեսանյութ)

Հունիս 15,2015 15:22

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների արդյունքներին: Նա ասաց, որ եկել է այն եզրակացության, որ թանկացումներ կլինեն. «Դոլարը 60 դրամով բարձրացավ, ուրեմն բնական է, որ 7 դրամը համակարգը պիտի իր վրա վերցներ»:

Թե ինչու Եվգենի Բիբինն արհամարհեց օրենսդիր մարմնին ու չեկավ՝ նա պատասխանեց. «Բիբինը հիմնարկի ղեկավար է, կարծում եմ, որ ավելի շատ երկնչելուց չեկավ, ասելիքը չհիմնավորելու կարողության հետեւանքով չեկավ, քան, ինչպես ասում էին խորհրդարանականները՝ արհամարհել է»: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ թե՞ պայմանավորվել էիք նրա հետ, որ չգա՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ «Կասկածողները ինձ թող հարց չտան»:

Հարցին՝ չվիրավորվեցի՞ք նրա չգալուց՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հիմնարկի տնօրենից ի՞նչ պիտի վիրավորվեինք: Այնքան մարդիկ կան, որ հրավիրում ենք՝ չեն գալիս: Եթե ԱԺ նախագահ ես, կամ ԱԺ ես, նա պիտի իր հնարավորությունները գերազանցի ու փորձի իր իշխանական լծակներով մարդկանց խեղդե՞լ: Մենք հրավիրում ենք, ովքեր չեն գալիս՝ իրենց խնդիրն է»:

Հարցին՝ 7 դրամով հոսանքը թանկացնելը մարդկանց խեղդե՞լ չի՝ նա պատասխանեց. «Դա, իհարկե, ոչ միայն ավելի շատ մարդկանց գրպանին է խփում, այլ տնտեսության վրա բավականին լուրջ ազդեցություն կունենա»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իշխանությունն ունի՞ այն կամքը, «դուխը», որ ՌԴ-ի ներկայացուցչին պատժի՝ նման պահվածքի համար եւ սեփականատիրոջ փոխի: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նույնիսկ եթե Անգլիայի ներկայացուցիչ լիներ, այդ խնդրում էական չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է: 105 մլրդ-ի խնդիրն է, հանձնաժողովն աշխատեց, քաղաքացիական հասարակությունն ընդվզեց, եւ խնդիրն արդեն գնաց 23 մլրդ-ով, որը կապված է դրամ-դոլար փոխհարաբերություններով: Այսինքն, եթե կաթը թանկանում է, բնական է, որ էլեկտրաէներգիան էլ պիտի թանկանա»:

Լրագրողների դիտարկմանը, որ Բիբինի հարցազրույցում լուրջ մեղադրանքներ կար կառավարությանը, որ տեղյակ են պահել եւ ոչինչ չեն արել՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Դա, ինչպես բնութագրեմ, գորշ, անիմաստ մի հայտարարություն էր: Մտածելով, որ իրեն մեղադրում են հանցագործության մեջ, եւ նոր հանցագործներ փնտրելու փնտրտուքի մեջ էր: Ավելի կշռելի կլիներ, եթե ոչինչ չխոսեր, քան խոսեց»:

Հարցին՝ սա սպառնալիք չէ՞ր իշխանություններին՝ ԱԺ նախագահն ասաց. «Դուք սպառնալիք չեք իշխանություններին, Բիբինը ո՞նց կարող էր սպառնալիք լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930