Այսօր վաղ առավոտյան Գյումրու ոստիկանության Մուշ բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում Սամվել Բալասանյանին պատկանող Սև Ղուլ ամրոցի մոտակայքում, ծառերի տակ կա տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սպանվածը 1996 թվականին ծնված Իվան Նովիկովն է, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող՝ Կրասնոդարի մարզից: Թե ինչ հանգամանքներում են սպանել վերջինիս, դեռ հայտնի չէ, թեև դեպքի վայրի արյան հետքերը հուշում էին, որ ամենայն հավանականությամբ սպանել են ճանապարհին ու քարշ տալով տեղափոխել ծառերի տակ: Այս տարածքի զգալի մի հատված հեղեղված էր թարմ արյան հետքերով:
Նշենք, որ դեպքի վայրում աշխատող քրեագետները, քննիչները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսով դեպքի մասին մանրամասներ հաղորդելիս, ապշած նշում էին, որ դանակով թափել են երիտասարդի փորն ու աղիները: Մենք ևս հեռվից ականատես եղանք այդ դաժան տեսարանին, դիակն արյունաթաթախ էր: Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանի տեղեկացմամբ, վերջինիս վրա հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել, սուր- կտրող ծակող գործիքով է կատարվել սպանությունը:
Ռուսական կողմը հայտնում է, որ կա կասկածյալ, նա 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, նրան հարցաքննում են ռուսական ռազմաբազայում:Այս մասին քիչ առաջ հայտնեց ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ ռուս զինծառայող Պոլիխյուխովիչ Ալեքսեյ Վասիլեվիչը: Նա շեշտեց, որ հայերից ոչ մի պահանջ չունեն: Ըստ Lifenews-ի՝ կասկածյալը Իվան Բ.-ն է:
Կարդացեք նաև
Դեպքի վայրի զննությունը կատարում են հայ իրավապահները: Ռուսները հետևում էին տեղանքի զննությանը ՝առանց միջամտության:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, դատավարական կարգավիճակ ունեցող կասկածյալ անձ հայկական կողմի հարուցած քրեական գործում դեռ չկա:
Դատելով ռուս պաշտոնյայի հայտնածից, պիտի ենթադրել, ռուսական կողմը առանձին է քննում կատարված սպանության հանգամանքները, քանի որ այն կատարվել է ռուսական ռազմաբազայի տարածքում ու ռուս զինծառայողների մասնակցությամբ:
Ըստ մեր տեղեկությունների, այս սպանությունը կատարվել է միջանձնային լարված հարաբերությունների պատճառով, Իվան Նովիկովը նորակոչիկ է, երկու ամիս է ինչ եկել է Գյումրի ծառայության:
Ըստ տարածված տեղեկությունների, հենց այս տարածքում տեղի է ունեցել թունդ վիճաբանություն, որին հաջորդել է սպանությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ