Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է՝ սխալ էր Հայաստանի կողմից մասնակցել Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերին:
«Որովհետեւ մեծ խաղը Ադրբեջանում նոր իմիջի ձեւավորումն է, նրա հանցագործ կերպարի քողարկումը… ու զարմանալի է՝ մեր պատգամավորները հերիք չէ գնացել, մասնակցել են, հիմա էլ վերադառնում ու գովում են, թե ինչ բարձր մակարդակի վրա է աշխատում Ադրբեջանի անվտանգության ծառայությունը. Ասում են՝ զուգարանից մինչեւ դահլիճ ապահովված էր անվտանգությունը…գոնե ցեղասպանության հարյուրամյա տարելիցից հետո խոսեն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, Ադրբեջան մեկնելով՝ հայկական կողմը Ադրբեջանի անմեղության պսակն է հյուսում. «Եվրոպային դուր գալու համար են անում, բայց ինչու ենք մոռանում, որ ադրբեջանցիները չեն գալիս էստեղ այդ կարգի միջոցառումներին մասնակցելու, ասում են, որ ագրեսոր ենք, իսկ մենք գնում ենք մեղա գալով: Բայց մենք չպետք է գնայինք ու պետք է հիմնավորեինք՝ Բաքվի հրապարակները դեռ հիշում են այրվող մարդկանց ճիչերն ու բարձրահարկերից նետվող մարդկանց ճիչերը»:
Ինչու մի շարք եվրոպական երկրներ բոյկոտեցին Բաքվում տեղի ունեցող խաղերը, քաղաքագետն ասաց՝ Եվրոպան իր քաղաքակրթական սահմաններն ընդլայնում է, որին չի համապատասխանում Բաքուն: Ապա ասաց՝ իր համար անակնկալ չէր ՌԴ նախագահի այցը. «Որովհետեւ ՌԴ- Ադրբեջան հարաբերություններում այնպիսի իրավիճակ է, որ ՌԴ-ն չի ցանկանում կորցնել Ադրբեջանին: Մյուս կողմից կան Թուրքիայի հետ հարաբերություններ, կա տնտեսական իրավիճակ, որի մեջ Ռուսաստանը հայտնվել է պատժամիջոցների պատճառով: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները շոշափած չլինեն թեման, ապա Պուտինը դա լղոզած կլինի: Նրան ձեռք է տալիս այս իրավիճակը Ղարաբաղի հարցում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ