Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար և գործառնությունների հարցերով տնօրեն Կլաուս Տրոմելի հետ:
Ողջունելով ՀՀ պատվիրակության անդամներին պարոն Տրոմելն ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարը ՀՀ կառավարության առաջին անդամն է, որ այցելում է ԵՆԲ և դա շատ խորհրդանշական է։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի՝ մեր երկրում իրականացվող ծրագրերի շարժունակությունը, ինչպես նաև ԵՆԲ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարները` պայմանավորված Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և ԵՆԲ պաշտոնյաների ներկայությամբ, ԵՆԲ գլխավոր քարտուղարի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև:
Երկուստեք ընդգծվել է, որ վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատում են իրենց հետաքրքրությունն ու կամքը Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն հաղորդելու վերաբերյալ, հայտնում իրենց մտադրությունը բացելու նոր հնարավորություններ ներդրումային ծրագրերի մշակման և ներդրումների ներգրավման, ներքին և արտաքին ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորման, տեխնիկական օժանդակության, արտահանման դիվերսիֆիկացման և աշխատատեղերի ստեղծման համար։
Կարդացեք նաև
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն