Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան դոնորների մեծ մասը գումարի համար են արյուն հանձնում

Հունիս 15,2015 13:03

Մեկ-երկու տարուց արյունաբանական կենտրոնում կստեղծվի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք, ինչը հնարավորություն կտա ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին մեր երկրում բուժվել եւ հազարավոր դոլարներ չծախսել արտերկրում բուժումը կազմակերպելու համար: Այսօր առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսում նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ մեր երկրում տարեկան 60 մարդու մոտ ոսկրածուծի փոխպատվաստման անհրաժեշտություն կա, 70 մարդ էլ` քիմիաթերապիայի կարիք ունի: Տարածաշրջանի երկրների համեմատությամբ այս թիվը ոչ ավել է, ոչ պակաս:

Սակայն բաժանմունք ունենալով դեռ այս ոլորտի խնդիրները չեն լուծվում, քանի որ փոխպատվաստման հարցում մեր երկրում մասնագետների կարիք կա: Այս պահին մի քանի մասնագետ արտերկրում` Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, ԱՄՆ-ում վերապատրաստում են անցնում. «Եթե մասնագետներ չլինեն, չենք կարող այդ բաժանմունքն աշխատեցնել»,-ասաց պարոն Դաղբաշյանը:
Արյան դոնորի միջազգային օրվա առիթով, որն աշխարհը նշում է հունիսի 14-ին, պարոն Դաղբաշյանը կոչ արեց դոնորության գաղափարը, մշակույթը զարգացնել, քանի որ դոնորների արյան միջոցով մարդկային կյանքեր են փրկվում:

Հայաստանում դոնորների ցուցանիշը շատ ցածր է. դոնորների 45 %-ը վճարվող դոնորներն են եւ միայն 8 տոկոսն են, որ կամավոր են արյուն հանձնում: Ըստ գլխավոր արյունաբանի, զարգացած երկրներում բնակչության 50-60 հազար մարդ դոնոր են լինում, մեր երկրում` 15 հազար մարդ է, ինչը 3-4 անգամ պակաս ցուցանիշ է: Նման ցածր ցուցանիշի պատճառն, ըստ մասնագետի, հասարակության շրջանում դոնորության վերաբերյալ տեղեկացվածության անբավարար մակարդակն է, սխալ պատկերացումները, վախերն ու անվստահությունը: Չնայած Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ մեր երկրում էլ, տարեցտարի, դոնորների քանակի որոշակի աճ է դիտվում:

Դոնոր կարող են դառնալ 18 տարին լրացած անձինք: Դոնորի արյունը ստուգվում է ինֆեկցիաների, հեպատիտների, սիֆիլիս հիվանդության, բրուցելյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Արյունաբանական կենտրոնից արյուն վերցնելիս քաղաքացիները վճարում են, եթե այդ արյունը հիվանդի հարազատներից չեն տվել, 1 տուփ արյունն արժե 10 հազար դրամ, այս գումարը նրա համար է, որպեսզի վճարեն դոնորին: Իսկ երբ հիվանդի հարազատներն են արյուն տալիս, ապա այդ դեպքում արյունը վերցնելն անվճար է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930