Մոսկվայում լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանի եւ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի հեղինակած «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» պատկերազարդ ալբոմը՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, 1000 օրինակ տպաքանակով: Տպագրության ծրագիրը իրականացվել է «Եվրասիական Մեդիա գրուպի» «Զա ռուբեժոմ» հրատարակչության աջակցությամբ:
Պատկերազարդ գիրքը մեկ տարի առաջ լույս է տեսել հայերեն եւ անգլերեն լեզուներով՝ Հայաստանում: Այդ հրատարակությունը ողջունել են Հարվարդի համալսարանի նախագահ Դրյու Ջիլպին Ֆաուստը, Վատիկանի արխիվների եւ գրադարանների ղեկավար Ջին-Լուիս Բրյուգուեն, Պրադոյի ազգային թանգարանի տնօրեն Միգել Զուգազան, Նյու Յորքի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանը, Նյու Յորքի Սոլոմոն Ռ. Գուգենհայմ թանգարանի գրադարանի եւ արխիվի տնօրեն Ռիչարդ Արմսթրոնգը, Վաշինգտոնի Ազգային պատկերասրահի տնօրեն Էռլ Ա. Պավել 3-րդը, Բրիտանական թանգարանը եւ այլք: Նշենք, որ «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» պատկերագրքում մեկտեղված է սոցռեալիզմի դարաշրջանի 170 ստեղծագործողի աշխատանք: Այն կազմելիս հեղինակները խնդիր են ունեցել ներառել ոչ միայն բովանդակությամբ սոցռեալիզմի հետ առնչվող, այլ ընդհանրապես տվյալ ժամանակաշրջանում ստեղծված աշխատանքներ՝ անկախ այս կամ այն ուղղվածությունից: Գրքի հեղինակները հնարավորինս խուսափել են անվանի արվեստագետների՝ բազմիցս տպագրված գործերի կրկնություններից՝ փորձելով արվեստասեր լայն հանրությանը ծանոթացնել այդ տարիներին աննկատ մնացած, երբեմն էլ տարբեր պատճառներով անուշադրության մատնված մի շարք աշխատանքներ, որոնք, հեղինակների կարծիքով, ուշագրավ են եւ գեղարվեստական արժեք են ներկայացնում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
13.06.2015