Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդը արժեքների կազմակերպությունից վերածվել է շահերի կազմակերպության

Հունիս 15,2015 15:30
hermin nagdalyan

Երկու օր առաջ տեղի ունեցավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հանդիպումը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հետ: Հանդիպման մանրամասների շուրջ «Առավոտ»-ը զրուցեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

– Տիկին Նաղդալյան, մեր ունեցած տեղեկություններով՝ եվրոպացի համազեկուցողների հետ հանդիպումը ընթացել է բավական լարված մթնոլորտում: Ի՞նչ հարցեր են բարձրացվել մեր պատվիրակության կողմից, եւ ո՞ր թեմաներն են եղել թեժ քննարկման առիթը:

– Նախեւառաջ՝ ուզում եմ ընդգծել, որ այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին, այսինքն՝ այս կառույցի բուն մանդատին, այդ իմաստով մենք առանձնապես խնդիրներ, տարաձայնություններ չունենք: Մենք հետեւողականորեն, քայլ առ քայլ կատարել ենք 2012-14 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքները, այժմ նաեւ մշակվում է Եվրախորհրդի հետ համատեղ 2015-17 թվականների գործողությունների ծրագիրը: Այս աշխատանքները բազմաթիվ ուղղություններով են կատարվում` սահմանադրական բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական ոլորտի բարեփոխումներ եւ այլ կարեւոր նախաձեռնություններ, որոնց շուրջ համազեկուցողները նախորդ այցի արդյունքներով հայտնել են իրենց գոհունակությունը եւ դրական գնահատականը: Այդ իմաստով Հայաստանի եւ Ադրբեջանի ընկալումը, որպես Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի տակ գտնվող երկրներ, Եվրոպայի խորհրդում տրամագծորեն տարբերվում է, որովհետեւ ժողովրդավարական գործընթացների խորացման, մարդու իրավունքների, օրենքների գերակայության, մամուլի ազատության, քաղբանտարկյալների, քաղաքացիական հասարակության եւ այլնի ուղղությամբ մեր ստանձնած պարտավորությունները լիովին կատարվում են, եւ այդ խնդիրների շուրջ մենք չունենք որեւէ լուրջ թերացում, որը կարող էր Եվրոպայի խորհրդի կողմից մեզ համար որպես կշտամբանք հնչեցվել՝ այն դեպքում, երբ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության խնդիրները հանրահայտ են եւ աղաղակող:

Ես չեմ ասում, որ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է, բայց առաջընթացը իրականում մեծ է, եւ այն նկատելի ու ընկալելի է միջազգային կառույցների համար. այստեղ մենք բանավեճ չունենք: Այդ իմաստով եթե ասում ենք, որ համազեկուցողների հետ հանդիպումը լարված մթնոլորտում է ընթացել, ապա այդ լարվածությունը չէր վերաբերում մեր ստանձնած պարտավորություններին: Լարումն առկա էր այն խնդիրների առնչությամբ, որոնք մեր պարտավորությունների եւ ԵԽԽՎ-ի մանդատի շրջանակներից դուրս են: Խնդիրն այն է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը այսօր նավթադոլարների ազդեցության տակ ցուցաբերելով բավականին ոչ սկզբունքային, կոռումպացված եւ միակողմանի վերաբերմունք՝ մտնում է այն հարցերի շրջանակ, որոնք իր մանդատին չեն վերաբերում, այն չունի նման լիազորություն, փորձառություն, մասնագիտացում, գործիքակազմ, եւ դա արտահայտվում է Ադրբեջանի մոնիտորինգի զեկույցում` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեւակերպումներով: Մոնիտորինգի համազեկուցողների խնդիրների մեջ` ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի, չեն մտնում կոնֆլիկտի կամ նրա կարգավորման հետ կապված հարցերը: Կոնֆլիկտին առնչվող խնդիրներն ընդհանրապես Եվրոպայի խորհրդին առնչվող խնդիրներ չեն, այլ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների կոնսենսուսային որոշումով` այդ խնդիրների լուծումը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը` որպես մասնագիտացված կառույց: Օգտագործել բառապաշար, որը չի համապատասխանում Մինսկի խմբի ընդունած բառապաշարին, նշանակում է` բացարձակապես կանխակալ եւ կողմնապահ կարծիք հայտնել:
Որեւէ միջազգային փաստաթղթում առայսօր չեք հանդիպի «Լեռնային Ղարաբաղ եւ յոթ գրավյալ տարածքներ» ձեւակերպմանը: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է 2001 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրների ակտիվ ֆազան արդեն ավարտված է եղել: Զինադադարը կնքվել է 1994 թվականին, 2001 թվականին Հայաստանին եւ Ադրբեջանին Եվրոպայի խորհուրդ ընդունելիս ԵԽ-ն չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ եւ 7 գրավյալ տարածքներ» բառակապակցությունը: «Օկուպացված տարածքներ» բառակապակցությունը երբեւիցե չի եղել այս տարիների ընթացքում:

– Ինչո՞վ է պայմանավորված ԵԽԽՎ-ի կողմից նման զարգացումը. ի՞նչ գործոններ են նպաստում նման զեկույցների ի հայտ գալուն:

– Վերջին տարիներին մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր մտահոգությունը այն մասին, որ այս տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը էական փոփոխությունների է ենթարկվել ՝ արժեքների կազմակերպությունից վերածվելով շահերի կազմակերպության՝ կորցնելով իր սկզբունքայնությունը եւ իր մանդատին նվիրվածությունը:
Եվ այսօր թե՛ ադրբեջանական եւ թե՛ թուրքական լոբբին տանդեմ դարձած՝ միասին փորձում են, օգտագործելով իրենց ֆինանսական հնարավորությունները, ազդել այս կառույցի գործընթացների վրա: Փաստորեն, Ադրբեջանը տանուլ տալով ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը մասնագիտացված մանդատի տեր կառույց է, փորձում է ամեն գնով խափանել բանակցային գործընթացը: 2011 թվականին Կազանի հանդիպումից հետո բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել՝ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:
Բացի կոռումպացվածությունից եւ բանակցությունների վրա ամեն գնով ազդելու Ադրբեջանի հայտնի ձեռագրից՝ այստեղ մենք գործ ունենք աշխարհաքաղաքական կարգի փոփոխությունների հետ: Այսօր միջազգային աշխարհակարգում եղանակ ստեղծող խոշոր պետությունները ամեն գնով ձգտում են պահպանել տարածքային այն սահմանները, որոնք ձեւավորվել են վերջին համաշխարհային պատերազմից հետո: Այդ իմաստով նրանք երկու իրավահավասար հելսինկյան սկզբունքների մեջ ներքուստ ավելի հակված են տարածքային ամբողջականության կողմը՝ նաեւ իրենց շահերից ելնելով: Դա ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին՝ նա հմտորեն գտնում եւ տեղավորվում է այդ ճեղքերում։

Մինչ օրս օգտագործելով լոբբիստական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանը փորձում է բեկում մտցնել կամ որեւէ պատուհան բացել իր համար, արտադրել ինչ-որ փաստաթղթեր, որոնց մեջ կլինեն իր համար անհրաժեշտ, նպաստավոր արտահայտություններ, որոնք հետո կօգտագործվեն այս կամ այն բանակցություններում կամ ձեւաչափերում:

Սա՛ է խնդիրը, եւ հանդիպման ընթացքում առաջացած լարումը սրանով է պայմանավորված եղել: Այսինքն՝ Ադրբեջանի զեկույցը մոնիտորինգի վերաբերյալ պետք է անդրադառնար Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այլ ոչ՝ աշխարհաքաղաքական այն խնդիրներին, որոնք ինչպես Ադրբեջանն ունի, այնպես էլ ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում եւ՝ Հայաստանը:

Ադրբեջանը այժմ իր համազեկուցողների հետ միասին փորձում է եվրոպական հանրության ուշադրությունը շեղել մոնիտորինգային պարտավորությունները կատարելու գործում իրենց թերություններից՝ բոլոր այդ խայտառակ պրոբլեմները պայմանավորելով ԼՂ խնդիրներով եւ օգտագործելով կոռումպացվածությունը՝ աշխատում է պոկել ԵԽԽՎ որեւէ ձեւակերպում, որն իր համար շահավետ կլինի:

– Լավ, ի վերջո՝ որքանո՞վ է վտանգավոր ընդունվելիք բանաձեւը, եւ արդյոք այն կարո՞ղ է խաղաթուղթ դառնալ Ադրբեջանի ձեռքին` ազդելու բանակցությունների ընթացքի վրա:

– ԵԽԽՎ-ի որոշումների բնույթը հայտնի է` դրանք պարտադիր կատարման դիրեկտիվներ եւ օրենքներ չեն: Դրանք ռեկոմենդացիաներ են: Կոնֆլիկտի լուծման համար դերակատարություն եւ արժեք ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները եւ որոշումները, բայց, իհարկե, նման բառակապակցություններն ու արտահայտությունները, սողոսկելով միջազգային փաստաթղթերի մեջ, Ադրբեջանի համար դառնում են ոգեւորության աղբյուր` կարծրացնելու համար իրենց դիրքորոշումը բանակցային գործընթացում, իսկ սեփական հանրության աչքում մխիթարանք են` Մինսկի խմբի ոչ ադրբեջանանպաստ հայտարարությունների ֆոնին:

«Առավոտ» օրաթերթ
13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930