Պարտադիր չէ, որ ֆանատիկները
լինեն չեկիստների կամ ջիհադիստների նման
«Ուր էր, թե Հայաստանում լիներ ֆանատիկների մի խումբ, որը կարգի կբերեր այս երկիրը»: Վերջերս մի քանի անգամ նման դատողություններ եմ լսել: Նախ՝ ոչ մի խումբ «այս երկիրը» կարգի չի կարող բերել, եթե չկա մեծամասնության միասնական կամքը, ոչ թե «լավ ապրելու»՝ դրա մասին բոլորն են երազում, այլ՝ ապրելու որոշակի կանոններով: Երկրորդ՝ Հայաստանում մոլեռանդներ կան՝ պարզապես մենք ֆանատիզմի մասին ոչ ամբողջական պատկերացում ունենք: Ասելով «մոլեռանդ»՝ մենք սովորաբար պատկերացնում ենք միջնադարյան հավատաքննիչներին, սեւ կաշվե բաճկոններով չեկիստներին կամ երկար ու չխնամված մորուքներով ջիհադիստներին՝ անձնապես ազնիվ, ճգնավոր մարդկանց, որոնք հանուն գաղափարի պատրաստ են վառել եւ մորթել իրենց «հավատը» չկիսողներին: Դրանք ֆանատիզմի ծայրահեղ դրսեւորումներ են, բայց ինքը՝ երեւույթը, ավելի խորն է, եւ դրա տարրերը կարելի է գտնել միանգամայն սափրված եւ ամենեւին ոչ ժուժկալ մարդկանց մեջ: Մեծ հաշվով՝ բոլորիս մեջ:
Որոնք են, իմ կարծիքով, ֆանատիզմի դրսեւորումները:
1/ Նրանք աշխարհը բաժանում են սեւի եւ սպիտակի: Եթե քաղաքական օրինակ բերենք, ապա, ասենք, մոլեռանդ ՀՀԿ-ականը վստահ է, որ ամենավատ ՀՀԿ-ականը ավելի լավն է, քան ամենալավ ՀԱԿ-ականը: Եվ հակառակը: «Նա, ով չի մտնում իմ խմբի մեջ, չի մտնում «սպիտակի» դաշտ եւ, հետեւաբար, սեւ է»:
2/ Մոլեռանդները խուսափում են իրենց խմբից դուրս գտնվող մարդկանց հետ երկխոսությունից՝ այն պարզ պատճառով, որ այդ «ոչ յուրայինները» հանցագործ են եւ թշնամի: Իսկ հանցագործների հետ չի կարող լինել «հարցուպատասխան»՝ միայն կյանքի ու մահու պայքար:
3/ Ֆանատիկները շատ մշուշոտ եւ անհստակ են ձեւակերպում այն գաղափարները, որոնց հավատում են, փոխարենը նրանք անգիր գիտեն, թե ինչին են հավատում իրենց «թշնամիները»: Ինչպես գրում էր ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաեւը՝ «Ֆանատիկին սատանան միշտ սարսափելի եւ ուժեղ է թվում, նա սատանային ավելի շատ է հավատում, քան Աստծուն… Ազգային կամ քաղաքական մոլեռանդը նույնպես հավատում է սատանային եւ նրա դավերին, չնայած վերջինիս կրոնական եզրույթը նրան խորապես խորթ է»:
4/ Ֆանատիզմին հատուկ է իռացիոնալ վախն ու տագնապը: Նա աշխարհի կամ սեփական երկրի մասին մտածում է բացառապես «կործանման» եւ «փրկության» կատեգորիաներում: Եթե ես պայքարում եմ «կործանման» դեմ, ուրեմն այդ վեհ նպատակի առջեւ խամրում են այն մեթոդները, որոնք այդ «փրկության» համար ես կկիրառեմ: Ի դեպ, մեթոդների մասին. սեփական խմբի դաժանություններն ու հանցագործությունները նա պատրաստ է բոլոր դեպքերում արդարացնել, դիմացինինը՝ երբեք:
5/ Մոլեռանդը վստահ է, որ եթե որեւէ մեկն ունի իրենից տարբեր համոզմունքներ, ապա նա լավագույն դեպքում ընկել է ինչ-որ խորամանկ եւ նենգ ուժերի ազդեցության տակ, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես կաշառված է: Այդ առումով հայ պաշտոնյաներն ու մեծահարուստները, որոնք արտաքնապես ամենեւին նման չեն ջիհադիստների, ունեն մոլագարության որոշակի տարրեր, որովհետեւ իրենց ամեն մի դուր չեկած հրապարակումից հետո դեմքի խորաթափանց արտահայտությամբ ասում են՝ «ես գիտեմ՝ դու ում պատվերն ես կատարում»:
6/ Ֆանատիկներն անհամբեր են: Նրանք հավատում են, որ գոյություն ունեն ինչ-որ մոգական բանաձեւեր, որոնք կարող են լուծել աշխարհի բոլոր խնդիրները, եւ դրա միակ խոչընդոտն այն է, որ աշխարհում ոչ բոլորն են առաջնորդվում այդ բանաձեւերով:
7/ Մոլեռանդ մարդիկ, մեծ հաշվով, անհամեստ են՝ չնայած, կրկնեմ, կենցաղում կարող են չափազանց ժուժկալ լինել: Որեւէ դոգմատիկ ուսմունքին պատկանելով՝ նրանք ենթագիտակցաբար հրճվանք են զգում դրա համար, դա շոյում է նրանց ինքնասիրությունը: Ազատ մտածող մարդիկ այդ առումով ավելի համեստ են:
8/ Վերջապես մոլեռանդ մարդիկ երբեք չեն խոստովանում իրենց մոլեռանդությունը: Ես գիտեմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2-3 տասնյակ մոլեռանդ երկրպագուների: Բայց նրանք վստահ են, որ ամենեւին էլ ֆանատ չեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.06.2015
Շնորհակալություն հարգելի Աբրահամյան: Կարծում եմ Ձեր կողմից մանրակրկիտ ուսումնասիրված նյութ է, որի հետ դժվար է չհամաձայնվել: Հրապարակման մեջ շատ հետաքրքիր և խորաթափանց մտքեր կան, հոգեբանական նուրբ առանձնահատկություններ, որոնք արժանի են ուշադրության: