Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Նազարյան. «Բոլոր մարզաբազաները մինչեւ «Համահայկական խաղերը» ամբողջովին պատրաստ կլինեն»

Հունիս 15,2015 12:30

Մեկուկես ամիս է մնում մինչեւ 6-րդ «Համահայկական համաշխարհային խաղերի» մեկնարկը, որն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ ընդգրկման առումով լինելու է աննախադեպ:

Ցանկացած մարզական համալիր միջոցառման հաջողություն մեծապես կախված է նրանից, թե մարզակառույցները, որտեղ կայանալու են մրցումները, ինչ վիճակում են հյուրընկալում մասնակիցներին: «Համահայկական խաղերի» կազմկոմիտեում աշխատում է մարզակառույցների հատուկ հանձնաժողով, որը ղեկավարում է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Նազարյանը: «Առավոտը» նրա հետ զրուցել է հանձնաժողովում աշխատանքների ընթացքի մասին:

– Պարոն Նազարյան: Վեցերորդ խաղերն աննախադեպ են թե մասնակիցների քանակով, թե քաղաքների աշխարհագրությամբ: Մրցումներն անցկացվելու են Երեւանում, Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում եւ Արտաշատում: Հետեւաբար, մարզակառույցների թիվն էլ ավելացել է: Ի՞նչ վիճակում են դրանք այսօրվա դրությամբ:

– Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Ինձ հանձնարարված ոլորտում, բացի ֆուտբոլից եւ հեծանվային սպորտից, նշված քաղաքներում ընտրված է 16 մարզակառույց: Դրանց մի մասը համալիր մարզակառույցներ են, որոնք ընդունելու են մի քանի մարզաձեւեր, հետեւաբար, դահլիճների թիվը 24-ն է: Հանձնաժողովը համալրված է նախարարության մասնագետներով, այդ թվում՝ նաեւ մրցավարական կազմից: Բոլոր մարզաբազաներն ուսումնասիրել ենք համապատասխան չափորոշիչներով: Մարզադահլիճների մեծ մասն այսօր իսկ պատրաստ է: Միայն ութում դեռ ընթացիկ աշխատանքներ կան կատարելու: Խոսքը ոչ միայն բուն դահլիճների, այլեւ օժանդակ պայմանների՝ հանդերձարանների, ցնցուղարանների, բժշկական սենյակների, անգամ՝ մամուլի համար աշխատանքային սենյակների մասին է: Մեր հանձնաժողովի անդամներն ու պատասխանատուները տեղերից երեք օրը մեկ անգամ աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն են ստանում եւ զեկուցում են ինձ:

– Ձեր նշած աշխատանքները գումարների հետ են կապված: Դրանք որտեղի՞ց են գոյանում:

– Դա կախված է նրանից, թե ով է տվյալ կառույցի սեփականատերը՝ մասնավոր անձ կամ կազմակերպություն, հովանավոր, ֆեդերացիա: Քաղաքապետերն ու մարզպետներն էլ, լավ հասկանալով Խաղերի նշանակությունը, խոստացել են ամեն բանով օգնել: Ի դեպ, այդ դահլիճներում նորոգման աշխատանքներ, այսպես թե այնպես, պետք է իրականացվեին: Պարզապես, նրանք տեղավորվում են անհրաժեշտ ժամանակի մեջ: Մի խոսքով, պետբյուջեից գումար չի ծախսվում:

– Մարզաբազաները պատրաստ լինելու վերջնական ժամկետ կա՞:

– Այո: Հուլիսի 15-ին բոլոր աշխատանքները պետք է ավարտված լինեն, որից հետո բոլորը մեկ առ մեկ կստուգվեն: Նախատեսվում է նաեւ, որ հուլիսի 20-ից հետո պետք է սկսվի մարզաբազաների կահավորումը, շրջակայքի բարեկարգումը:

– Դուք նախարարությունում համակարգում եք սպորտը, որտեղ արդյունքները պայմանավորված են նաեւ մարզումային պայմաններով: Հայաստանում մարզաբազաների ընդհանուր վիճակի մասին ի՞նչ կասեք:

– Եթե համեմատենք 90-ականների սկզբի հետ, այդ ուղղությամբ շատ մեծ ու լուրջ աշխատանք է կատարվել: 2000-ականներից սկսած՝ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում մարզաբազաների հիմնանորոգման մեծ ծավալի գործ է կատարվել, կառուցվել են նոր մարզակառույցներ, որոնց մեջ նաեւ այնպիսիք, որոնք լավագույնն են համարվում տարածաշրջանում: Այդ աշխատանքները հիմա էլ շարունակվում են՝ ընդգրկելով նոր տարածաշրջաններ: Բայց չէի ասի, թե գոհ ենք: Մեր ցանկություններն ու ծրագրերն ավելի ընդգրկուն են: Պարզապես, հնարավորություններն են սուղ:

– Այսինքն, «Համահայկական խաղերը» նպաստում են նաեւ Հայաստանում սպորտը զարգացնելո՞ւն:

– Ավելին, անգնահատելի նշանակություն ունեն թե մարզակառույցները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու, գույքով ապահովելու, թե տեղերում մարզական աշխատանքների կազմակերպումն ակտիվացնելու առումով: Հիմա նախարարության, որը սպորտային քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինն է Հայաստանում, կարեւոր ծրագրերից մեկը հանրապետության ողջ տարածքում ամբողջական գույքագրում կատարելն է: Այդպես կունենանք ոլորտի նյութատեխնիկական բազայի իրական պատկերը: Դա շատ կարեւոր է մեր հետագա աշխատանքի առաջնահերթ ուղղությունները որոշելու համար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930