Լրահոս
Օրվա լրահոսը

Անմոռուկի թերթիկները

Հունիս 15,2015 12:00

Հայերիս համար 2015 թվականը
նշանավորվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցով

Տարելիցն անցավ, բայց արդեն ակնհայտ է, որ մեր վերքը չի սպիանում ու չի սպիանալու:
Խորհրդանիշ անմոռուկի գաղափարը տարելիցի համար էր մտահղացված, բայց ակնհայտ է, որ անմոռուկն իր նշանակությունը հետագայում էլ է պահպանելու՝ մնալով ավտոմեքենաների ապակիներին եւ մարդկանց սրտերում: Դա նշանակում է, որ խորհրդանիշը ճիշտ է ընտրված:

Այսուհանդերձ, տարելիցի հետ կապված ամենանշանակալին այն էր, որ մենք, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ավելի շատ Ցեղասպանության պահանջատիրությանը տեղ տվեցինք, քան ողբին, լացին ու զգայացունց տեսարաններին, եւ դա հիմնականում նոր սերնդի արժանապատիվ կեցվածքի շնորհիվ է. սերունդ, որին որեւէ մեկը երբեւէ չի արգելել ոչ հիշել եւ ոչ էլ պահանջել:

Ասածս ավելի հասկանալի դարձնելու համար հիշեցնեմ, որ մինչեւ անցյալ դարի կեսերը Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանությունը գրեթե արգելված թեմա էր, եւ հիմնականում Սփյուռքն ու սփյուռքահայությունն էին սրբորեն պահում ու պահպանում Ցեղասպանության հիշողությունը:

Սխալված կլինենք, եթե ասենք, որ Խորհրդային Հայաստանի քաղաքացիները մոռացել էին Ցեղասպանությունը: Մանավանդ գաղթականներն ու նրանց ժառանգները չէին կարող Ցեղասպանությունը մոռանալ: Պարզապես ռեժիմը թույլ չէր տալիս, որ նրանք իրենց հիշողությունը բարձրաձայնեն:

Եվ միայն հետստալինյան ձնհալից հետո բարձրաձայնեցին: Պոետները մեկը մյուսի հետեւից սկսեցին Ցեղասպանության մասին բանաստեղծություններ ու պոեմներ գրել, եւ եղավ մի պահ, որ Սփյուռքի դպրոցներում աշակերտներն ավելի շատ Շիրազ, Սեւակ, Կապուտիկյան ու Էմին էին արտասանում, քան նույնիսկ՝ Սիամանթո կամ Ռուբեն Սեւակ:
Սա Ցեղասպանությանը հաջորդած հարյուր տարիների համառոտ պատմությունն է, որը կարելի է անվանել հիշողության պահպանման, վերականգնման եւ ամրապնդման շրջան:
Հիմա հայության համար միանգամայն նոր ժամանակ է սկսվում:
Այսուհետ մենք ոչ միայն պիտի հիշենք ու պահանջենք, այլեւ պիտի լրջորեն մտածենք՝ ինչպես հիշել եւ ինչպես պահանջել, ինչպես նաեւ՝ երբ հիշել եւ երբ պահանջել: Սխալ տեղում, սխալ պահին եւ սխալ ձեւով Ցեղասպանության հարցի արծարծումը կարող է հակառակ արդյունքը տալ, ինչը որ տեղի ունեցավ «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ:
Բոլորս տեսանք ու հասկացանք, որ չի կարելի թեթեւ ժանրի երգերի մրցույթում Ցեղասպանության թեմայով երգ ներկայացնել: Նաեւ տեսանք ու հասկացանք, որ չի կարելի Ցեղասպանությանը վերաբերող երգը ժպտադեմ երգել: Եվ, որ կարեւորն է, հասկացանք նաեւ, որ չի կարելի Ցեղասպանության վերաբերյալ միջակ երգ ներկայացնել: Եվ, որ ամենակարեւորն է, հասկացանք, որ չի կարելի Ցեղասպանության թեման չարաշահել:
Այս ամենը վերջնականապես հասկանալու համար իրոք արժեր այս մրցույթում տապալվել: Նույնիսկ սփյուռքահայությունը զլացավ ձայներ շնորհել տվյալ երգին, չնայած տվյալ երգի վաստակած բարձրագույն միակ 12 միավորը, իմ կարծիքով, վերստին սփյուռքից էր՝ ջավախահայությունից ու թիֆլիսահայությունից:

Եվ վերջապես. «Եվրատեսիլ» մրցույթը վարող հայ հաղորդավարները պիտի հասկանան, որ արդեն բավական տարածում գտած այս մրցույթի հիմնական նպատակը լավ երգ եւ լավ երգիչ հայտնաբերելն է, եւ մրցույթի ընթացքում ոչ թե կոչ անեն անպայման քվեարկել մեր երգի օգտին, այլ պիտի հորդորեն քվեարկել լավ երգի ու լավ երգչի օգտին: Միեւնույն է՝ դրանից առանձնապես ոչինչ չի փոխվի: Եվ պարտության դեպքում էլ չպիտի նվնվանք՝ «մեր երգը լավն էր, բայց չհասկացան»: Լավ երգը բոլորին է հասկանալի: Ինչպես նաեւ՝ լավ վեպը, պատմվածքն ու բանաստեղծությունը: Ինչպես նաեւ՝ լավ ֆիլմը: Ինչպես, օրինակ, «Մայրիկ» ֆիլմը, որը նույնպես ցեղասպանության մասին է եւ հասկանալի ու սիրելի է բոլորին:

Այս դասը մենք միշտ պիտի հիշենք եւ մեր ստեղծագործողներից պահանջենք հասկանալի ու բարձրակարգ ստեղծագործություններ: Մանավանդ՝ եթե դրանք առնչվում են Հայոց ցեղասպանությանը: Իսկ եթե էդպիսիք չկան, հեչ պարտադիր չէ այդ թեմայով ներկայանալ: Եվ եթե էդպիսիք չկային, կարելի էր տվյալ մրցույթին ուղարկել, օրինակ, Սոնա Շահգելդյանին, որն իր վատ ռուսերենով ու վատ հայերենով շատ ավելի պատվավոր տեղ կգրավեր: Ինչպես որ Յուրմալայում գրավեց: Վերջապես՝ «Եվրատեսիլը» ոչ թե ասմունքի մրցույթ է, այլ՝ երգի:

Բայց սա միանգամայն այլ թեմա է, որին արժե անդրադառնալ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930