Հունիսի 14-ին Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում կայացավ Նաիրա Նասիբյանի «Սիրերգեր» գրքի շնորհանդեսը: Ն. Նասիբյանը ծագումով Կողբից է, 1986թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսության ինստիտուտը, աշխատել իր մասնագիտությամբ: 1993 թվականից բնակվում է Ռուսաստանում:
Շնորհանդեսին ելույթ ունեցան եւ առաջին գրքի կապակցությամբ Ն. Նասիբյանին շնորհավորեցին լեզվաբան, լեզվի պետական տեսչության նախկին պետ, ծագումով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից Լավրենտի Միրզոյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, Նասիբյանի գիրքը հրատարակած «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչության տնօրեն Վահրամ Մնացականյանը եւ ուրիշներ:
«Սիրերգեր» բանաստեղծական ժողովածուի խմբագիր Լավրենտի Միրզոյանը ըստ արժանվույն գնահատեց Նաիրա Նասիբյանի բանաստեղծական արվեստը, ասելով, որ առաջին գրքում կան նաեւ թույլ տողեր:
Կարդացեք նաև
Հայրենի եզերքի կարոտի, սիրո, հայոց վշտի թեմաներով Ն. Նասիբյանի բանաստեղծությունները ընթերցեցին Կողբի դպրոցականները, ելույթ ունեցան Կողբի երաժշտական դպրոցի սաները, Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնի «Սոսե» համույթի պարուհիները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ