Թումանյանի անվան այգին այսօր մարդաշատ էր: Ազգային երգ, պար, խոհանոց… այս ամենն այսօր այգի էր բերել ինչպես մայրաքաղաքի բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին:
Առիթը «Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոնն էր, որի ընթացքում ներկայացվեցին հայկական ավանդական 13 տոներն ու դրանց ավանդական ուտեստները:
7-րդ տարին անընդմեջ «Համով-հոտով Երևան» խորագրի ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են ինչպես սննդի ոլորտում մասնագիտացված կազմակերպություններ, այնպես էլ ուսանողական միություններ՝ յուրաքանչյուրը ներկայացնելով մեկական տոնի բնորոշ ավանդական կերակրատեսակներ: Նրանք, տեղում պատրաստելով տոնածիսական կերակուրները, այցելուներին էին փոխանցում պատրաստման փոքրիկ գաղտնիքները:
Կարդացեք նաև
Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանը ներկայացնող Սոֆյա տատիկը, օրինակ, խաշիլ էր պատրաստում: Aravot.am-ի հետ զրույցում նա ցավով նկատեց, որ այս կերակրատեսակը ժամանակի ընթացքում մոռացվել է: Շատ հազվադեպ պատրաստում են գյուղերում, մայրաքաղաքում ընդհանրապես մոռացված կերակրատեսակ է:
Բացի Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանից, փառատոնին մասնակցում էին նաև Երևանի տարածաշրջանային թիվ 1 և թիվ 2 պետական քոլեջները, Աբովյանի արհեստագործական N1 ուսումնարանը, Էթիկայի դպրոցը, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը, «Ֆրանս-հայկական պետական ուսումնական կենտրոն» հիմնադրամը, «Արարատ հոլլ» ռեստորանը և այլ կազմակերպություններ:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնի հիմնական նպատակը մեր ազգային խոհանոցը և հատկապես ծիսական կերակրատեսակները հասարակության շրջանում ճանաչելի դարձնելն է:
«Ես բոլոր ազգերի խոհանոցները չեմ ուսումնասիրել,- ասաց նա,- բայց կարծում եմ, որ շատ քիչ ազգեր կան, որոնք կարող են մեզ նման հպարտանալ իրենց ծիսական կերակրատեսակների պահպանմամբ: Եվ ինչո՞ւ չվերականգնենք մեր մոռացված կերակրատեսակները, չհանրահռչակենք, հասանելի չդարձնենք բոլորին»:
Մեր զրուցակցի խոսքով՝ տարեցտարի ավելանում է վերականգնվող կերակրատեսակների թիվը: 68 մոռացված ծիսական կերակրատեսակ են արդեն վերականգնել:
Բացի ազգային կերկրատեսակներից, միջավայրն ազգային էին դարձնում նաև «Կարին», «Սասնա ծռեր» և այլ ազգագրական համույթները, ինչպես նաև Մարինա Սարգսյանի պատրաստած ավանդական հայկական տիկնիկներն ու քանդակագործ Իսահակ Արեսյանի ձեռքերի մեջ կենդանություն առնող կավե իրերը:
Նշենք, որ փառատոնն այս տարի ընդգրկվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրում: Իսկ վերջինիս շրջանակներում ամառային ամիսներին նախատեսվում է ևս 42 միջոցառում, այդ թվում նաև մի քանի փառատոներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ