Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «քաղաքի մշակույթ»

Հունիս 13,2015 23:33

«Ես քաղաքի տղա եմ», – սովորաբար ասում են մարդիկ, որոնց այլ կերպ, քան «գեղցի» չես կարող անվանել: Քեզ հպարտ զգալ միայն այն ապատճառով, որ դու քաղաքում ես ծնվել կամ՝ որ քաղաքում ես ապրում, նշանակում է շատ հեռու լինել քաղաքային մշակույթից, որը ենթադրում է մի կողմից մտքի ազատություն, մյուս կողմից՝ վարքի զսպվածություն եւ համեստություն:

Վերջերս մի խումբ երիտասարդներ ինչ-որ «քֆուրներ» են տեսագրում ու  «քցում» youtube, իսկ որոշ մեկնաբաններ դա համարում են «իսկական երեւանցու» վարք: Վստահ չեմ, որ այդպես է: Իսկական երեւանցին (կամ գյումրեցին, գորիսեցին, շուշեցին), կարծում եմ, պետք է ունենա դաստիարակության եւ կրթության որոշակի ցենզ. հայհոյանքը  «քաղաքի տղայի» դերում ինքնահաստատվելու լավագույն ճանապարհը չի:

Ես շատ քիչ մարդ  գիտեմ, ում ապուպապերը ապրել են Երեւանում: Ես էլ եմ մեծամասնության մեջ, իմ ծնողները, էլ չասած՝ պապերը, Հայաստանի մայրաքաղաքում չեն ծնվել: Եվ դա ոչ բարդութավորվելու, ոչ էլ հպարտանալու առիթ է: «Ով ասես՝ չի եկել-լցվել Երեւան»՝ այդ քաղքենիական խոսակցությունները ես լսում եմ իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում՝ 1970-ականներից սկսած: Բայց մեծ քաղաքի «իմաստը» հենց դա է, որ մարդիկ այստեղ գալիս «լցվում են»՝ իրենց ուրույն պատկերացումներով, եւ այդ ամենը ձուլվում է «քաղաքի մշակույթ» յուրահատուկ հասկացության մեջ:

Լսում եմ հորս պատմածները Թբիլիսիի մասին (որտեղ նա ապրել է մինչեւ 1945 թվականը). նա պատանեկության տարիներին իր քաղաքում շփվել է ոչ միայն կովկասյան ազգերի, այլեւ հույների, հրեաների, նույնիսկ՝ լեհերի, շվեդների, շոտլանդացիների հետ:  Մտածում եմ՝ արդյոք մենք շատ չե՞նք «դախացել» մեր ազգային շրջանակների մեջ: Արդյոք «քաղաքային մշակույթ» հասկացության մեջ չի՞ մտնում նաեւ տարբեր ազգերի մշակույթի միաձուլումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Շատ հետաքրքիր հոդված է պարոն Աբրահամյան: Կիսում եմ Ձեր տեսակետները:
    Դախանալու պահը ինչպես պապս կասեր լազաթ տվեց:

  2. Ավետիս Սադոյան says:

    Հարգելի Պրն Աբրահամյան,
    Մշակույթը լինում է ՄԻՄԻԱՅՆ քաղաքի, Գյուղինը լավաշն ու պանիրն են և դա վատ չէ․․․
    Ասել քաղաքի մշակույթ, նույնն է՝ թե ջրիկ ջուր։
    Մշակույթը քաղաքակրթության տարրերից մեկն է, լավ է չօգտագործվեց քաղաքի քաղաքակրթություն․․․․․

    Ափսոս որ մեր բոլորի կողմից սիրելի քաղաքում այլևս քաղաքակրթություն չի մնացել, և անհնար է դառել նույնիսկ բացատրել իրականությունը գյուղերից ժամանած քյոխվաներին, ում կարծիքով եթե իրենց գրանցումը անձնագրում փոխվի ուրեմն իրենք էլ քաղաքակիրթ կդառնան։ սա ժամանակավոր երևույթ է, Հայ Ժողովուրդը ավելի ուժեղ ցնցումներից է կարողացել դուրս գալ․․․
    Վերջում հայտնի պատմությունը՝ մի փոքր ձևափոխված՝
    -Երևանցի լինելու համար երեք հատ համալսարան է պետք ավարտել։
    -Բայց ես երեք համալսարանների դիպլոմ ունեմ։
    -Դուք չհասկացաք՝ երեք այսինք Ձեր պապը, Ձեր հայրը և դուք պետք է համալսարանական կրթություն ունենայիք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930