Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր»

Հունիս 13,2015 22:03

1992 թվականի հունիսի 13-ին Շահումյանն անկում ապրեց: Դա, ըստ Շահումյանում կռված մի քանի ազատամարտիկների, այդ ժամանակվա իշխանությունների մեղքով էր, քանի որ, ունենալով հնարավորություն և միջոցներ, բարձիթողի վիճակում էին թողել Շահումյանը:

«Որևէ շրջանում որևէ մեկը չի կարողացել այնպիսի գրագետ գնահատական տալ Շահումյանի անկմանը, որպիսին տվել է Շահումյանի ռազմական խորհրդի նախագահ Շահեն Մեղրյանը (լուսանկարում-խմբ.): Նա ասաց, որ Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը՝ դժգոհելով, որ այսօր որևէ կուսակցության, որևէ քաղաքական ուժի օրակարգում, ծրագրում Շահումյանի վերադարձի մասին խոսք չկա: «Ինչ վերաբերում է բանակցային փուլին, ապա մեզ համար անհասկանալի են այդ Մադրիդյան սկզբունքները, որտեղ երկակի ստանդարտներ են կիրառվում»,- ընդգծեց նա:

Պատմելով Շահումյանում զարգացած դեպքերի մասին՝ Արարատ Ծատուրյանը նշեց, որ այդ դեպքերից առաջ իրենք մի քանի անգամ արդեն ադրբեջանցիների «ատամները ջարդել էին»: Ըստ նրա՝ ոուսական զորքերի օժանդակության բացակայության դեպքում անհնար էր, որ ադրբեջանցիները կարողանային գրավել Շահումյանի շրջանը. «Հարձակումը եղել է գիշերը ժամը 4-ին, կարողացել են հարձակումը կասեցնել, բայց ժողովուրդը օրվա 2-րդ կեսից հետո հասկացավ, որ այլևս անհնար է դիմակայելը: Ուժերի գերակշռության պարագայում, ուզեինք-չուզեինք, պիտի նահանջեինք»,- ասաց նա:

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական խմբի պետ Սուրեն Կարապետյանն էլ նշեց, որ իրենց գունդն ի սկզբանե եղել է Շահումյանի տարածքում:

«Ոչ մի դիմադրություն չցուցաբերվեց, որովհետև զինտեխնիկա չկար: Ռուսական թերթերից մեկն էլ մեկ ամիս առաջ գրել էր, որ Շահումյանը շատ վատ վիճակում է, չունի զինտեխնիկա: Այդ թերթը հասնում էր նաև Ադրբեջանին: Նրանք էլ վերլուծել են ու մտածել՝ ինչի՞ են սպասում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Մարտակերտի շրջանի ուժերն այդ ժամանակ չեն գնացել Շահումյան՝ իմանալով, թե ինչ վիճակում է այն: Դրանից հետո ընկավ նաև Մարտակերտը:

«Այսօր շատերը ներկայացնում են, թե սուպերռեմբոներ են եղել, հերոսներ ու գեներալներ են եղել: Զարմանալի է, թե այդ ռեմբոներն ինչո՞ւ Մարտակերտից չեկան Շահումյանին օգնելու»,- հավելեց ազատամարտիկ Սամվել Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ ռազմական խորհրդի նախագահ Շահեն Մեղրյանը նույնիսկ կապ է հաստատել այդ ժամանակվա ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ խնդրելով գոնե մեկ ռազմական ուղղաթիռ, ինչը ևս անտեսվել է. «Իրենք կարող էին անգամ երեքն ուղարկել, մենք միայն մեկն էինք խնդրել, բայց դա էլ չուղարկեցին: Պատճառը մենք այդպես էլ չիմացանք: Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ կոռեկտ գործունեության պատճառով Շահումյանն ընկավ»,- ասաց ազատամարտիկը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930