Կինոգետի եզրակացությամբ՝ շատ անգամ լրագրողները տեղեկատվությունը հայթայթելու եղանակները չգիտեն
European Youth Press երիտասարդ մեդիագործիչների ցանցի նախաձեռնած համաեվրոպական ծրագիրի շրջանակներում հունիսի 13-ին կազմակերպված մեդիա հանդիպում-քննարկման ընթացքում կինոգետ Զավեն Բոյաջանը խոսեց լրատվամիջոցների եւ լրագրողների խնդիրների եւ սխալների մասին:
Նա հայտարարեց, որ հայկական մամուլում ազատ խոսքի պակաս չի տեսնում: Իսկ անդրադառնալով կարծիքին, թե տպագիր եւ էլեկտրոնային մամուլի հետեւում միշտ կանգնած են ուժեր, որոնք ղեկավարում են դրանց աշխատանքը, նա ասաց, որ այդտեղ սարսափելի ոչինչ չի տեսնում. «Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, միշտ էլ զանգվածային լրատվության միջոցների հետեւում կանգնած են ինչ-որ ուժեր, որոնք ըստ իրենց շահերի օգտագործում են այդ միջոցները, նույնն էլ տեղի է ունենում մեզ մոտ: Այլ խնդիր է, որ դրսի աշխարհում մասնագիտական մակարդակը շատ բարձր է, եւ սովորական լրագրողն ամեն դեպքում ավելի պատրաստված է վերլուծելու ինչ-որ ֆիլմ, թատերական ներկայացում կամ գիրք»:
Զավեն Բոյաջյանի կարծիքով՝ Հայաստանում իրավիճակն այլ է: Նա նշեց, որ հաճախ ինքն է դառնում տեղեկատվության աղբյուր, եւ շատ անգամներ լրագրողները իր տված տեղեկատվությունը օգտագործում են որպես իրենց սեփական խոսք: Դրանից կինոգետը եզրակացնում է, որ որոշ լրագրողներ տեղեկատվությունը հայթայթելու եղանակները չգիտեն: Դա, ըստ նրա, լրագրողների ամենատարածված խնդիրն է. «Լրագրողը մտածում է, որ ինձ կարող է օգտագործել՝ ոտնահարելով իմ մասնագիտական եւ մարդկային արժանապատվությունը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ