Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի անվան այգում անցկացվել է «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը

Հունիս 13,2015 20:53

«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան այգում անցկացվել է «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով։ Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հետ համատեղ:

Փառատոնի անմիջական մասնակից դարձած երևանցիները, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու և ծանոթանալու հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանուն, դրանով իսկ նաև հայկական հնագույն մշակութային և խոհանոցային ժառանգությանը:

Ողջունելով մասնակիցներին և ազդարարելով փառատոնի մեկնարկը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ընդգծեց միջոցառման կարևորությունն ինչպես ազգային տոնածիսական ավանդույթների պահպանման, վերականգնման և տարածման, այնպես էլ Երևանը որպես միջոցառումային զբոսաշրջության մայրաքաղաք ներկայացնելու տեսակյունից:

«Երևանի կյանքում սա բացառիկ ու յուրահատուկ տոն է: Երևանի քաղաքապետարանը կարևորում և խրախուսում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը: Վստահ եմ, որ փառատոնն իր հերթին կմեծացնի նաև զբոսաշրջիկների հետաքրքրությունը հայկական ավանդական խոհանոցի ու մշակույթի նկատմամբ»,-նշել է Մարիա Բարաղամյանը:

Փառատոնի մեկնարկին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Մեսրոպ ավագ քահանա Մալյանը փոխանցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:

Առանձին տաղավարներում ներկայացվել են հայկական ազգային ու եկեղեցական 13 տոների ավանդական ուտեստներ, իսկ ազգային տարրերով հագուստներով կամավորները մանրամասն ծանոթացրել են յուրաքանչյուր տոնի ավանդույթներին, խորհրդանիշերին, ինչպես նաև պատրաստված ուտեստների խորհրդին։ Միջոցառմանը ներկայացված են եղել նաև արհեստագործական տաղավարներ, այդ թվում գորգագործության, կավագործության: Հատկանշանական է, որ տոնախմբության մասնակիցները հնարավորություն են ունեցել անձամբ գորգ հյուսելու և աշխատելու կավով:

Փառատոնին ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շրջել է տաղավարներում և կարևորել մասնակից կազմակերպությունների ազգային խոհանոցի ավանդույթների պահպանման և վերհանման գործում ունեցած ավանդն ու ներդրումը, որի օրինակը նաև փառատոնին ունեցած ակտիվ մասնակցությունն է:

Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ժամանակ հնչել են ազգագրական երգեր, կատարվել ժողովրդական պարեր: Ոգեշնչված տիրող ազգային ոգով ներկաները այգու տարբեր հատվածներում շուրջպար են բռնել:

Փառատոնի մասնակից երևանցիներն ու քաղաքի հյուրերը, հայտնելով տպավորությունները, ընդգծել են, որ հայոց տոնածիսական կերակրատեսակները ոչ միայն համեղ են, այլև մրցունակ աշխարհի տարբեր խոհանոցների հետ: Հատկանշվել է նաև, որ նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն ունեն և առաջարկվել այսպիսի տոնախմբությունները դարձել պարբերական:
«Երևանյան ամառ» ծրագրի ներքո «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար մասնակից կազմակերպությունները, այդ թվում՝ արհեստագործական քոլեջները, թոնրատները, ռեստորաններն ու հասարակական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի կողմից արժանացել են շնորհակալագրերի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930