«Այն որ հայտնի հեռուստաալիք «Եվրոնյուզը» կողմնակալ դիրքորոշում է զբաղեցրել Ադրբեջանի նկատմամբ եւ չի լուսաբանել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությունը, ցավալի է»,-այս մասին «Trend»-ին ասել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամլին:
Պատգամավորի կարծիքով, դա կարող է հեռուստաալիքի վրա հակաադրբեջանական ուժերի ճնշման հետեւանք լինել. «Ցավալի է այն, որ «Եվրոնյուզը», որը լուսաբանում է ամենատարրական հարցերը, չի ցուցադրել Բաքվի Եվրոպական խաղերի փառահեղ բացման որեւէ կադր, էլ չենք խոսում համապարփակ տեղեկատվություն տրամադրելու մասին: Ինչպես երեւում է հակաադրբեջանական ուժերը ճնշում են գործադրել հեռուստաալիքի վրա: Ուրիշ բացատրություն չկա»:
«Trend»-ի մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի «Düşüncə» աջակցություն երիտասարդների զարգացմանը հասարակական միության ներկայացուցիչ Էմիլ Հուսեինլին էլ այս առնչությամբ ասել է. «Ի՞նչ եվրոպական ալիք է սա, եթե չի լուսաբանել եվրոպական մասշտաբով խոշոր նախագիծ: Սա երկակի չափանիշների, կողմնակալ դիրքորոշման պարզ օրինակ չէ՞: Ինչպես կարող է այդպես լինել, եթե հեռուստաալիքը մի քանի անգամ ռեպորտաժ է ցուցադրել այսպես կոչված «Հայոց ցեղասպանության մասին»:
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովն էլ կարծում է, որ Ադրբեջանի դեմ աննախադեպ քարոզարշավ է իրականացվում: «Սա արեւմտյան ԶԼՄ-ների, մի շարք եվրոպական երկրների եւ կազմակերպությունների աննախադեպ հակաադրբեջանական քարոզարշավն է եւ, կարծում եմ, ուղղված է երկրում լարված իրավիճակ ստեղծելուն»,- ասել է նա եւ հավելել, որ Ռուսաստանն էլ է նման խնդրի բախվել:
Կարդացեք նաև
Քաղաքագետի կարծիքով Ադրբեջանի եւ Ռուսաստանի փորձագիտական հանրությունները պետք է միավորեն ուժերը, որպեսզի կարողանան դիմակայել եվրոպական երկրների եւ միջազգային կազմակերպությունների քարոզարշավին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ